Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի անունից Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին առաջարկել է առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու: Արմեն Սարգսյանը ժամանակ է խնդրել՝ վերջնական որոշում ընդունելու համար: Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանի 4-րդ նախագահի որակական հատկանիշների և չափանիշների մասին, շեշտելով՝ ապագա նախագահը պետք է լինի քաղաքականապես պատրաստված, բայց ոչ քաղաքականացված:
«Նա պետք է կարողանա կազմակերպել երկխոսություն քաղաքական տարբեր ուժերի միջև, հասարակության տարբեր խավերի միջև՝ լարվածությունը թուլացնելու նպատակով: Պետք է կարողանա պատվով ներկայացնել Հայաստանն արտերկրում, ճանաչի սփյուռքը և համախմբի աշխարհասփյուռ հայությանը։ Հաշվի առնելով Ձեր ունակությունները, որակական հատկանիշները, առաջարկել եմ իմ գործընկերներին՝ առաջարկել Ձեզ համաձայնություն տալ մեր քաղաքական ուժի անունից առաջադրվել ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու: Դուք կայացած գիտնական եք, վարել եք ՀՀ վարչապետի պաշտոնը, ունեք դիվանագիտական մեծ փորձ, և սա է պատճառը, որ մենք լրջորեն քննարկել ենք Ձեր թեկնածությունը: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ովքեր միաձայն պաշտպանեցին իմ առաջարկությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը շեշտել է, թե ցանկանում են, որ մարտին խորհրդարանը Հայաստանի 4-րդ նախագահին ընտրի առաջին փուլով։
Ըստ Սահմանադրության, նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ է, որ 105 պատգամավորներից առնվազն 79-ը կողմ քվեարկեն: ՀՀԿ ու ՀՅԴ-ն միասին ունեն 65 պատգամավոր, իշխող կոալիցիային անհրաժեշտ է ևս 14 ձայն:
ՀՀԿ-ն նախագահի իր թեկնածուի հաղթանակն առաջին փուլով ապահովելու համար կփորձի ստանալ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ձայները: Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել Արմեն Սարգսյանին որոշում կայացնելուց առաջ հանդիպել խորհրդարանական բոլոր ուժերի հետ։
«Շատ ցանկալի է, որ ՀՀ չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում: Եվ հաշվի առնելով մեր այս ցանկությունը՝ կարծում եմ, որ Ձեր մտորումների ժամանակ ճիշտ կլինի, որ հանդիպեք մեր կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅԴ-ին, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններին և տեսանելի ապագայում որոշում կայացնեք, ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի սկզբին: Եվ մեր ցանկությունն է, որ այդ ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով, և մարտի սկզբին մենք արդեն ունենանք ՀՀ չորրորդ նախագահ: Ի՞նչ եք կարծում այս առումով»,- ասել է հանրապետության նախագահը: Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին բարձր վստահության համար, բայց նաև որոշ ժամանակ է խնդրել՝ վերջնական որոշում ընդունելու նպատակով:
Արմեն Սարգսյանը մտադիր է հանդիպել նաև արտախորհրդարանական ուժերի հետ.
«Ինչպես Դուք ասացիք, շատ կարևոր է, որ որոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին և Ազգային ժողովում, և Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաև հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, գործարար շրջանակների, աշխատավորական շրջանակների հետ: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը, սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին և դրանից հետո իմ որոշումը կայացնել: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»։ «Անշուշտ, ինձ հարմար շատ զարմանալի կլիներ, որ միանգամից ասեիք՝ այո»,- պատասխանեց նախագահը։