Փետրվարի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հունվարի 30-ից փետրվարի 4-ը Մայր Աթոռում իր հերթական` 15-րդ հանդիպումն անցկացնող Արևելյան ՈՒղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ հանձնախմբի անդամներին: Տարբեր երկրներից ժամանած 30 մասնակիցներն այս օրերին քննարկում են եկեղեցաբանությանն առնչվող հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարության, ձեռնադրության և հիվանդաց օծման խորհուրդների վրա: Հանդիպմանը հանձնախմբի անդամ, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հանձնախմբի համանախագահներին և անդամներին: Հանձնախմբի անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունեցին և հանձնախմբի աշխատանքների մասին տեղեկություններ փոխանցեցին Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխը (Կաթոլիկ Եկեղեցի) և Կահիրեի Ղպտական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, Դամիետտի, Բարարի, Քաֆր էլ Շեյքի միտրոպոլիտ Գերաշնորհ Անբա Բիշոյը (Ղպտի ՈՒղղափառ Եկեղեցի): Նրանք շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը ջերմ հյուրընկալության համար:
Ներկաներին իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը ողջունեց հանձնախմբի հերթական ժողովի գումարումը Մայր Աթոռում` ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինը պատրաստակամ է մշտապես հյուրընկալելու Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին: Նորին Սրբությունը, անդրադառնալով Արևելյան ՈՒղղափառ-Կաթոլիկ երկխոսության շրջանակներում հանդիպումներին ու քննարկումներին, կարևոր նկատեց նման երկխոսությունները, որոնք վեր են հանում Եկեղեցիների միջև ինչպես ընդհանրությունները, այնպես և աստվածաբանական և եկեղեցաբանական ընկալումների տարբերությունները: Վեհափառ Հայրապետը նշեց, որ երկխոսությունները նպաստում են Եկեղեցիների փոխճանաչողությանը, եղբայրական հարաբերությունների առավել սերտացմանը և ընդհանուր վկայությանը: Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծեց Եկեղեցիների գործակցության և ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը մարդկության ժամանակակից մարտահրավերների հաղթահարման գործում: Վեհափառ Հայրապետը մտահոգություն արտահայտեց աշխարհիկացման գործընթացների հետևանքով հասարակական կյանքում արձանագրվող հոգևոր-բարոյական արժեքների նահանջի և խեղաթյուրման վերաբերյալ, որ հիմնական պատճառն ու շարժառիթն է այսօր աշխարհում տեղ գտնող ողբերգությունների և կորստաբեր երևույթների:
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ծանր վիճակին` Նորին Սրբությունը կարևորեց Եկեղեցիների միասնական հետևողական ջանքերն ի պաշտպանություն քրիստոնեական համայնքների իրավունքների և տարածաշրջանում քրիստոնեական ներկայության` աղոթք վերառաքելով նահատակների համար, որ ծայրահեղականների և ահաբեկչական միավորումների բռնարարքների զոհ են դարձել: Վերջում, բարի ընթացք մաղթելով հանձնախմբի աշխատանքներին, Ամենայն Հայոց Հայրապետը եղբայրական իր ջերմ ողջույնները փոխանցեց Քույր Եկեղեցիների հոգևոր պետերին, աղոթքն ու օրհնությունը` հոգևոր դասին և հավատացյալներին: Գարեգին Բ կաթողիկոսը մաղթեց, որ Աստված զորացնի սերն ու գործակցությունը Եկեղեցիների միջև և արդյունավորի նրանց առաքելությունը ազգերի ու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար:
Հանդիպումն ավարտվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով»: