Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանի Սուրբ Վարդանանց եկեղեցում պոլսահայը բոյկոտել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ վերանշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի եկեղեցական քարոզը՝ թույլ չտալով սկսել: «Ակօսը» գրում է, որ Աթեշյանը քարոզը կարողացել է շարունակել միայն թուրքական ոստիկանության՝ միջամտելուց հետո: Ստամբուլաբնակ սասունցի գրող Բեսսե Քաբաքն Աթեշյանի քարոզի սկսվելուն պես իր բողոքն է արտահայտել դահլիճում ոտքի կանգնելով և բարձր աղոթելով: Աթեշյանը պահանջել է դուրս հանել Քաբաքին քարոզը սկսել կարողանալու համար: Բեսսե Քաբաքին թուրք ոստիկանները տարել են ոստիկանական բաժանմունք: Նրա փոխանցմամբ՝ թուրք ոստիկանները սպասեցրել են նրան մինչև Աթեշյանի քարոզի ավարտն ու նոր բաց թողել՝ ասելով, թե «Մեր հյուրն եք»: Ավելի վաղ պոլսահայ գրողը նույն կերպ բոյկոտել էր Աթեշյանին Ստամբուլի Սամաթիա թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ նրա քարոզի ժամանակ բարձրացնելով Ավետարանը՝ կոչ անելով Աթեշյանին շարժվել քրիստոնյային վայել: