ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հարցրեց, թե իրեն չի մտահոգում, որ ընտրության այլընտրանք չկա, ինքն է միակ թեկնածուն և չի՞ դիմել ՀՀԿ-ականներին, որ կողմ լինեն, որ ևս մեկ թեկնածու լիներ: «Մտահոգություն չունե՞ք, որ ոչ թե ընտրվում եք նախագահ, այլ նշանակվում եք ՀՀԿ-ի կողմից»,- հարցրեց պատգամավորը:
Մանե Թանդիլյանը նաև հետաքրքրվեց, թե Արմեն Սարգսյանը չի՞ ցանկանում գլխավորել ՀՀԿ-ի ցուցակը՝ վարչապետ դառնալու համար, որ իրականացնի նախանշված ծրագրերը: Պատգամավորը հիշեցրեց, որ, ըստ նոր սահմանադրության, դրանք չի կարող իրացնել նախագահի պաշտոնում:
Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ հասկանալի չէ՝ եթե ուրիշ թեկնածու լիներ, ինչպես պետք է առաջադրվեր:
«Այդ հարցն ինձ չի ուղղված, կարծում եմ՝ դա ձեզ է ուղղված: Ես խորին հարգանք ունեմ պարոն Արտակ Զեյնալյանի նկատմամբ, անձամբ հանդիպել եմ իրեն, դա ձևական չեմ արել, և եթե ստացվի՝ ընտրվեմ, ուրախությամբ պատրաստ եմ նրա հետ աշխատել, կիսել այն գաղափարներն ու մտքերը, որ ընդհանուր ունենք: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ես որևէ կուսակցության անդամ չեմ պատրաստվում դառնալ, եթե ընտրվեմ, Սահմանադրությունը կարգելի, իսկ եթե չընտրվեմ՝ առավել ևս»,-եզրափակել է Սարգսյանը: