ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է սառը պատերազմի վերսկսման պնդումները, ասելով, որ սառը պատերազմի մասին հրապարակումները ոչ թե վերլուծություն են, այլ քարոզչություն: Հարցազրույցը տեղի է ունեցել Դաշնային խորհրդին ուղերձից անմիջապես հետո: Անդրադառնալով սպառազինությունների մրցավազքին՝ Պուտինը հարցազրույցում պնդում է, թե առաջին քայլն արել է ԱՄՆ-ը 2002-ին, երբ Վաշինգտոնը որոշեց դուրս գալ հակահրթիռային պաշտպանության համաձայնագրից:
Պուտինն ընդգծում է, որ Մոսկվան բազմիցս առաջարկել է Վաշինգտոնին համագործակցել: Լրագրողը հետաքրքրվել է, թե նորագույն սպառազինության նմուշները, որոնց մասին Պուտինը խոսել և ցուցադրել է 43 րոպե, արդեն պատրա՞ստ են: Պուտինը պատասխանել է, որ այդ սպառազինությունն անցել է փորձարկումները և մի մասն արդեն ռուսական բանակի զինանոցում է: