Մարտի 7-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի Բալկանյան, Սևծովյան և Հարավկովկասյան տարածաշրջանային հարցերի պատասխանատու դոկտոր Թիֆանի Պետրոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության հարցեր:
Պաշտպանության նախարարը կարևորել է 2018-ին հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունների անցկացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության նոր ծրագրերի նախաձեռնումը:
Դոկտոր Պետրոսը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի անունից շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղության և կայունության ապահովման առաքելություններին Հայաստանի ակտիվ և արդյունավետ մասնակցության համար, հավաստիացրել, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել երկկողմ համագործակցության ծրագրերի իրականացմանը, որ ուղղված են աջակցելու պաշտպանական բարեփոխումների իրականացմանը և խաղաղության ու կայունության ապահովման առաքելություններում ներգրավվող ՀՀ ԶՈՒ կարողությունների պատրաստությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: