Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսն ուղղված է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը և գործընկերների հետ համագործակցության խորացմանը` ցուցահանդեսի բացմանը նվիրված մամուլի ասուլիսում ասաց պաշտպանության փոխնախարար, ՊՆ ռազմաարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:
Ցուցահանդեսը կանցկացվի մարտի 29-31-ին: Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվեն գիտաժողովներ և կլոր սեղաններ: Ամենախոշոր՝ հայ-ռուսական գիտաժողովը կանցկացվի պատասխանատու ոլորտների և ձեռներեցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որին նախատեսվում է ոլորտի 150 ներկայացուցչի մասնակցություն: Կքննարկվեն կոոպերացիայի և ռուսական մշակումներում հայկական ընկերությունների մասնակցության հարցերը, հայկական արտադրության մեջ ռուսական տեխնոլոգիաների օգտագործումը: Մյուս միջոցառումն է Պաշտպանության նախարարության գիտաժողովը, որի ընթացքում կքննարկվեն անօդաչու թռչող սարքերի օգտագործման և դրանց դեմ պայքարի հարցերը, բանակում էլեկտրոնիկայի օգտագործումը: Ցուցահանդեսին կմասնակցեն 14 երկրների 30 ընկերություններ, ռազմաարդյունաբերական համալիրում ընդգրկված բոլոր հայկական ընկերությունները: Ծրագրվում է 10 երկրի պատվիրակությունների մասնակցություն: