ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ Հայրապետական պատգամ է հղել

Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ Հայրապետական պատգամ է հղել
01.04.2018 | 19:39

Սուրբ Հարության տոնի կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Հայրապետական պատգամ է հղել Հայ առաքելական Եկեղեցու հետևորդներին:


«Սիրելի՜ բարեպաշտ հավատացյալներ,
Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնին ուրախությունն ու խնդությունը մեր հոգիներում՝ ձայնակից ենք հրեշտակներին՝ փոխանցելով միմյանց «Քրիստոս յարեաւ» կենարար ավետիսը: Թափուր է Տիրոջ գերեզմանը, հայտնված է Նրա աստվածային զորությունը, և իրական է մահվան պարտությունն ու կյանքի հաղթանակը: Այսօր հարություն առած Քրիստոս Իր բոլոր հետևորդներին բերում է հավիտենական կյանքի բերկրալի խոստումը. «Ես իսկ եմ յարութիւն և կեանք. ով հաւատում է Ինձ, թէպէտ և մեռնի, կապրի»: Քրիստոսի Հարության ողջույնը փոխանցելով՝ մենք, սիրելիներ, հաստատում ենք մեր հավատքը, որը հիմնված է Հարության տիեզերանորոգ հրաշքի վրա: Հավատում ենք, որ Քրիստոսի Հարությամբ անմահության ու հավիտենական կյանքի արշալույսը ցրել է կորստաբեր մեղքի խավարը: Հավատում ենք, որ մահվան առաջ անզոր մարդկային կյանքը վերափոխվում է երկնային զորությամբ, ժամանակավորը վերածվում է հավիտենական գոյության: Հավատում ենք, որ Փրկչին ու Նրա անմահության շնորհին հաղորդակցումը նորոգում է կյանքը, խաչերը դարձնում ծաղկյալ, գողգոթաները՝ հաղթության բարձունքներ: Հավատում ենք, այո, որ մարդկային մեր տկար ուժերին ընդառաջ եկող Աստծո Սուրբ Հոգին լուսավորում է մեր հոգևոր տեսողությունը և զորացնում մեզ՝ ընթանալու մեղքից դեպի առաքինություն, ընթանալու դեպի մեր Տերը, որպեսզի Նրա հետ կյանք ունենանք և ժառանգակից լինենք երկնային արքայությանը:


Հավատալ Քրիստոսի Հարությանը նշանակում է Սիմոն Կյուրենացու պես անտրտունջ Քրիստոսի խաչը կրել կյանքի հաղթանակի աներկբա վստահությամբ, Հովսեփ Արիմաթացու նման բարեգործություններ կատարել, յուղաբեր կանանց նման հավատքն ու հավատարմությունը պահպանել և Քրիստոսի Հարության ուրախությունը սփռել, առաքյալների պես աշխարհը Քրիստոսի Հարության լույսով լուսավորել: Այսպես միայն կարելի է արժանանալ Փրկչի խոստմանը՝ հավատքի զորությամբ մահվան իշխանությունը թոթափելու և հավիտյան ապրելու:


Սիրելի՜ բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հարության հրաշազարդ իրողությունը մարդու և աշխարհի փրկության միջոցն է, աստվածային անսահման սիրո ու հոգածության վկայությունը, նեղությունների ու դժվարությունների հաղթահարման զորությունը:
Թովմասի նման երկմտող աշխարհին հարուցյալ Քրիստոս ցույց է տալիս Իր վերքերը, որպեսզի բուժվեն պատերազմների ու աղետների պատճառած վերքերն աշխարհի: Ցույց է տալիս Իր չարչարանքների հետքերը, որպեսզի դադարեն մարդկային հոգու տառապանքները, լռեն ատելության ձայները, մերժվեն կործանարար ուղիները, որպեսզի գալիքի հանդեպ վստահություն փնտրող մարդկությունը ընդունի Փրկչի Հարության զորությունը՝ առաքյալի պես բացականչելով՝ Տեր իմ և Աստված իմ (Հովհ. 20. 28):
Աստվածատուր այդ զորությամբ ու շնորհով է հարատևել և մեր ժողովուրդը՝ պատմության մեջ դիմակայելով դառը հարվածների ու կերտելով իր ձեռքբերումները: Քրիստոսով, հարության ու փրկության հավատքով մենք վեր հառնեցինք մեր խաչելություններից, վերահաստատեցինք մեր պետականությունը, ձեռնամուխ եղանք նեղությունները թոթափելուն, մեր իրավունքների պաշտպանությանը և առավել բարօր գալիքի կերտմանը: Մեր ժողովրդի առաջընթացը, մեր պետության հզորացումը և ի սփյուռս աշխարհի մեր կյանքի պայծառությունը պայմանավորված են յուրաքանչյուրիս մեջ Քրիստոսի ներկայությամբ, Նրա Հարության զորության ներգործությամբ և մեր արժանավորությամբ Փրկչի խոստմանը. «Ես իսկ եմ յարութիւն և կեանք. ով հաւատում է Ինձ, թէպէտ և մեռնի, կապրի»:


Սիրելի հավատավոր զավակներ Մեր, շարունակենք ապրել ու գործել Քրիստոսի հետ: Մեր ընտանիքներում խնամենք ու վառ պահենք հավատքի լույսը, հասարակական ու ազգային մեր կյանքում հաստատուն պահենք միմյանց հանդեպ հոգածությունն ու զորակցությունը, սերն ու միասնությունը:
Շարունակենք ապրել հավատքով, որպեսզի այսօր հնչող «Քրիստոս յարեաւ» ավետիսը զորացնի մեզ ապագայի հանդեպ լավատեսությամբ ու վստահությամբ, կամքով ու կորովով` հակառակ ամեն արգելքի ու նեղության, ջանք թափելու, ստեղծելու, հոգալու, որ իրագործենք առաջընթացի մեր նպատակները, հայրենաշեն մեր ծրագրերն ու ազգային իղձերը: Թող մեր սրտերը քաջալերվեն այսօր մեզ հայտնվող հարուցյալ Տիրոջով` սիրով և միասնությամբ ընթանալու ազատ նոր կյանքի մեր ուղին՝ միշտ հավատարիմ մնալով մեր Տիրոջ պատվիրաններին և հաստատուն պահելով մեր ընթացքը դեպի հավիտենություն:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության բերկալի ավետիսով ողջույն ենք բերում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Աղոթում ենք հիվանդության մահճում գտնվող Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյան պատրիարքի համար:


Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների հոգևոր պետերին և նրանց հավատավոր հոտին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանին` առաջին տիկնոջ հետ, նորընտիր նախագահ տիար Արմեն Սարգսյանին, ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:
Աղոթում ենք առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ մեր հայրենիքում ու ողջ աշխարհում մշտապես սփռված մնան Իր Հարության կենարար պարգևները, խաղաղությունը հաստատվի աշխարհում, մարդկանց սրտերում, մեր երկրի սահմաններում: Հայցում ենք, որ Փրկչի Հարության շնորհներով զորացած՝ Մեր զավակների ամեն գործ զարթոնք ու լուսավորություն բերի ազգային մեր կյանքին, և աստվածաշնորհ պարգևները հովանի լինեն մեր ժողովրդին՝ այսօր և միշտ ցնծությամբ ավետելու.


Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ