Lenta.ru-ն, վկայակոչելով հայկական մամուլը, «Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանին նոր անտոկոս վարկ տրամադրել՝ զենք գնելու համար» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նոր վարկի մասին տեղեկությունը ոչ հերքում, ոչ հաստատում է:
«Մենք մեր սպառազինությունների ձեռքբերման, արտադրության, ռազմարդյունաբերության զարգացման առումով մեր բոլոր գործընկերների հետ ինտենսիվ աշխատում ենք, և առաջնահերթ, բնականաբար, ՌԴ-ի հետ ենք աշխատում: Եվ էս պահին էդ տիպի աշխատանքները շատ բազմապրոֆիլ են: Մենք ոչինչ չենք բացառում՝ այդ թվում միջպետական վարկերի տեսքով, որի փորձը մենք արդեն ունենք՝ ի դեմս 200 և առանձին 100 միլիոն դոլարների»` ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Lenta.ru-ն, հղում անելով հայկական մամուլին, գրում է, թե Ռուսաստանը, նոր զենք տրամադրելով Հայաստանին, պատասխանում է Ադրբեջանին: Բաքուն վերջին շրջանում ռուսական զենքին, ըստ հայկական մամուլի, գերադասում է թուրքական, պակիստանյան, իսրայելական և բելառուսական զենքը: Lenta.ru-ն հավելում է նաև, որ Ռուսաստանը 2016-ի ապրիլյան պատերազմից հետո որոշել է հավասարակշռության բերել ուժերը և մտադիր է իր դաշնակից Հայաստանին այնքան զենք տրամադրել, մինչև ուժերը հավասարվեն: