ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը և Հռոմի Սրբազան քահանայապետն առանձնազրույց են ունեցել

Ամենայն Հայոց կաթողիկոսը և Հռոմի Սրբազան քահանայապետն առանձնազրույց են ունեցել
05.04.2018 | 22:15

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը, հրավերով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոս պապի, ապրիլի 4-ի երեկոյան եղբայրական այցով ժամանեց Վատիկան` մասնակցելու Սբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղեկցում էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Ապրիլի 5-ի առավոտյան Վեհափառ Հայրապետը պատվիրակության ուղեկցությամբ մեկնեց Առաքելական պալատ, ուր տեղի ունեցավ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հռոմի Սրբազան քահանայապետի առանձնազրույցը:


Հանդիպումից հետո Հռոմի Ֆրանցիսկոս պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև Լիբանանից ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ու Հայ Կաթողիկե Եկեղեցու պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանի մասնակցությամբ և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությունը:
2015 թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցված Ս. Պատարագի ընթացքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հայրերից Սուրբ Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ Եկեղեցու կողմից հռչակվել էր «Եկեղեցու վարդապետ»: Արձանի մանրակերտը ՀՀ նախագահի կողմից ընծայաբերվել էր Ֆրանցիսկոս պապին 2016 թ. Հայաստան կատարած այցի շրջանակներում: Վատիկանի պարտեզում Սբ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանը կանգնեցվել է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ և Վատիկանում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ։ Արձանի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը:
Էկումենիկ արարողության ընթացքում հնչեցին Հայաստանյայց առաքելական և կաթոլիկ եկեղեցիների շարականներ, ընթերցվեց հատված Սբ Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից, որի ժամանակ տիար Միքայել Մինասյանը կատարեց սրբի արձանի բացումը։ Այնուհետև Ֆրանցիսկոս քահանայապետը օրհնեց արձանը, որից հետո հովվապետերը աղոթքով հայցեցին սրբի բարեխոսությունը:


Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց նաև Սբ Պետրոսի տաճար։ Հայոց Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին նվիրված արձանի առջև կատարվեց մասնավոր աղոթք:

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ