ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Նախագահի վերջին հանդիպումը վարչապետի հետ

Նախագահի վերջին հանդիպումը վարչապետի հետ
07.04.2018 | 21:46

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետը նախագահին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքները և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են: Նախագահ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև երկրի տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերին ու թիրախներին, որոնք պարբերաբար քննարկվել են նախագահի մոտ խորհրդակցությունների ժամանակ և որոնց համար ՀՀԿ-ն ստանձնել է պատասխանատվություն:


«Պարոն վարչապետ, երկուշաբթի օրը տեղի է ունենալու ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնամուտի արարողությունը: Ըստ մեր Սահմանադրության՝ Հանրապետության նախագահը պարտավոր է ընդունել կառավարության հրաժարականը: Այսպիսով ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացը, իսկ դա նշանակում է, որ այս կարգավիճակով մենք վերջին անգամ ենք հանդիպում: Եվ օգտվելով այս առիթից՝ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի և ընկերության համար, ուզում եմ, որ այդ շնորհակալությունը փոխանցեք նաև կառավարության անդամներին:


Եթե մենք ամփոփելու լինենք այս շրջափուլը, ապա պետք է ասենք, որ 2016-ի սեպտեմբերից հետո կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել և շատ լավ կարողացել է օգտվել խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում հաստատված ներքաղաքական կայունությունից` մեր տնտեսությունը զարգացնելու առումով: Մենք շատ լավ ճանապարհ անցանք այս ժամանակահատվածում, բայց պիտի նաև հաշվի առնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր կուսակցությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և որ կառավարություն ձևավորելու այդ մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն է լինելու մինչև 2022-ը: Իսկ դա նշանակում է, որ երկրի զարգացման պատասխանատվության բեռը լինելու է ՀՀԿ-ի վրա, և ինչ խոսք, առաջին հերթին՝ մեզ վրա. ինձ՝ որպես կուսակցության նախագահի, Ձեզ՝ որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալի: Հասկանալի է, որ պատասխանատու են գործադիր մարմնի անդամները, պատասխանատու են ՀՀԿ խորհրդի անդամները, մեր տարածքային կառույցները, բայց այստեղ, իհարկե, անհատական պատասխանատվության մասին է խոսքը: Եվ մենք, անշուշտ, պարտավոր ենք շարունակել այն ընթացքը, որ այսօր կա: 2017-ի արդյունքները, իհարկե, լավն են, սակայն անցյալ տարվա ընթացքում մենք նաև բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել, բազմաթիվ խոստումներ ենք տվել, և մեր ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այս ընթացքը շարունակելուն: Ես վստահ եմ, որ մեր կուսակցությունը ամենայն պատասխանատվությամբ է մոտենալու իր այս պարտականություններին, նաև իրավունքներին, որովհետև որտեղ՝ իրավունք, այնտեղ՝ պատասխանատվություն: Այնպես որ, մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Իհարկե, հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կուսակցությունում հանգամանորեն կքննարկենք, թե ինչպիսի ճանապարհներով ենք հասնելու այդ ցուցանիշներին: Ընդհանրապես երկրի զարգացման մեր տեսլականի մասին կխոսենք: Բայց, ինչպես ասացի, մինչ այդ խնդրում եմ կառավարության անդամներին փոխանցել իմ շնորհակալությունը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:


Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել նախագահին վստահության և համատեղ աշխատանքի համար, վստահեցրել, որ մոտակա տարիներին ապագա հիմնավոր և խորը բարեփոխումների համար ստեղծված են բոլոր նախադրյալները: «Շնորհակալ եմ, պարոն Նախագահ: Իսկապես, այսօր իմ վերջին զեկույցն է Ձեզ այս կարգավիճակով: Հակիրճ ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ բոլոր մակրոխնդիրները, որ դրել էինք մեր առջև, կատարված են: Այս ժամանակահատվածը և աշխատանքը եղել է շատ հետաքրքիր և ստեղծագործ: Թիմն ունի ներքին համերաշխություն և ինչ-որ առումով՝ բավարարվածություն: Շատ շնորհակալ եմ և շատ զգացված Ձեր գնահատականի համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել վարչապետի պաշտոնն ստանձնելու ինձ արված առաջարկի, վստահության և համատեղ աշխատանքի ու աշխատանքային և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար: Իրականում այսօր ձևավորված և ձևակերպված են այն հորիզոններն ու խնդիրները, որոնց մենք պետք է հասնենք: Այսօր թիմը դա հստակ պատկերացնում է: Ձեր նախաձեռնությամբ նախատեսված և՛ 2030 ծրագիրը, և՛ այն թիրախները, որոնց մենք պետք է հասնենք, իրականում պետք է ամրագրենք, որ շատ հավակնոտ են, իրագործելի: Դա պահանջելու է, իհարկե, քրտնաջան, հետևողական աշխատանք և համարձակություն: Մենք տեսնում ենք այն գրադիենտը և այն ուղղությունները, որով պետք է գնանք առաջ: Կարծում եմ՝ հետաքրքիր ժամանակահատված է մեզ սպասում: Մոտակա երեք-չորս տարիներին, մեր կանխատեսումով, ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք են տալու, որպեսզի երկարատև, ֆունդամենտալ, խորը բարեփոխումներ իրագործենք: Կրկին շատ շնորհակալ եմ Ձեզ վստահության և համատեղ աշխատանքի համար»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դիտվել է՝ 1820

Մեկնաբանություններ