Իսրայելը ստիպված կլինի պատասխան տալ սիրիական ավիաբազային ավիահարվածի համար` ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Երկուշաբթի գիշերը իսրայելական ռազմաօդային ուժերը գրոհել են Թիֆոր ավիաբազան:
ՌԴ ՊՆ տվյալներով՝ ավիահարվածը հասցվել է երկու F-15 կործանիչից: Նպատակակետին 3 հրթիռ է հասել, 5-ը խոցվել են: Միջադեպի հետևանքով մի քանի իրանցի խորհրդականներ են զոհվել: Թեհրանը կատարվածն անվանել է Սիրիայի ինքնիշխանության խախտում, որը հակասում է միջազգային նորմերին:
Փետրվարին իսրայելական ուժերն արդեն հրթիռակոծել էին T-4 ռազմաբազան, որտեղ, նրանց պնդմամբ, տեղակայված է եղել անօդաչուների վերահսկման իրանական կետը: Իսրայելական ուժերի հրթիռակոծման համար պատճառ էր դարձել ռազմաբազայից իրականացված ավիահարվածը, որի ժամանակ իսրայելական կործանիչ էր խոցվել: