Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ` պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը՝ երեկ հրապարակած զեկույցում անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ: Այս անգամ հատուկ ուշադրության է արժանացել Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը: Հայաստանը դասվել է այն երկրների շարքում, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կամ կուլիսներից, կամ ունի չգրված իշխանություն, որը էապես գերազանցում է օրենքով տրված լիազորությունները:
Համեմատելով Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիները` կազմակերպությունը փաստում է, որ Հայաստանում ժողովրդավարության ցուցիչը նվազել է: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ Հայաստանը որակվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն, որը փորձում է քողարկել ավտորիտարիզմը, սահմանափակ հարգանք է տածում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ և նվազագույն չափով իսկ չի համապատասխանում ընտրությունների վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին:
Վերլուծելով անցած տարվա զարգացումները, կազմակերպությունը նշում է` Հայաստանը առաջընթաց չի արձանագրել ոչ թափանցիկ ընտրությունների, ոչ արդարադատության, ոչ մամուլի ազատության, ոչ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում. Ճիշտ հակառակը՝ նախորդ տարվա համեմատ ավելի է վատացել պայքարը կոռուպցիայի դեմ, ընդ որում, գնահատականը տրվել է՝ հաշվի առնելով ոչ միայն հանրության ընկալումը, այլև` իշխանության վերին օղակների ունեցած բիզնես շահերն ու հակակոռուպցիոն մեխանիզմների արդյունավետությունը: Ամենավատ արդյունքն արձանագրվել է ժողովրդավարական կառավարման ու ընտրական գործընթացների ոլորտներում, ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում կառավարման համակարգի կայունությունը և անկախությունը, օրենսդիր ու գործադիր մարմինների հավասարակշռությունը 2008-ից շարունակաբար նվազել է: Վերջին տասնամյակում տարեցտարի իջել է ընտրական գործընթացներին ու բազմակուսակցական համակարգի կայացմանը տրված գնահատականը: Ամենաբարվոք վիճակն արձանագրվել է քաղաքացիական հասարակության բնագավառում, սակայն այստեղ էլ 2008-ից հետո վիճակը ոչ թե բարելավվել, այլ վատացել է: Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը այսօր ժողովրդավարության ցուցանիշով նկատելի զիջում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային, որ համարվում են անցումային կամ «հիբրիդային» պետություններ:
Արևելյան Եվրոպայի, Բալկանների և հետխորհրդային 29 երկրների շարքում Հայաստանից ավելի վատ արդյունք արձանագրել են միայն Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիայի 5 պետությունները: