Ապրիլի 22-֊ի առավոտյան՝ ժամը 10:00-ին, տեղի կունենան Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի բանակցությունները։ Նիկոլ Փաշինյանը «Ազատության» ուղիղ եթերում ասել է.«Ինչպես հանրահավաքում հայտարարեցի, որ այսօր Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, ինչպես նաև երեկ երեկոյան՝ մեր հանրահավաքի ժամանակ, պատրաստակամություն էինք հայտնել քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման պայմանները:
Երեկվա հայտարարությունից, Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել և քննարկել այդ օրակարգը։ Եվ ահա, վաղը առավոտյան՝ ժամը 10-ին, «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունենալու իմ և Սերժ Սարգսյանի բանակցությունները նրա հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ»:
Այսօր ավելի վաղ էլ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն էր հանդես եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Նիկոլ Փաշինյանին անհապաղ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ։
Մինչդեռ երեկ ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի պատասխանը Սերժ Սարգսյանին ոչ կառուցողական էր որակում: Վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրել է իր պատկերացումները, թե երբ երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ, ըստ էության ակնկարկելով՝ կթողնի ղեկավար պաշտոնը, երբ լուծվի Ղարաբաղի խնդիրը:
«Բարդ աշխարհաքաղաքականությամբ այս տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում պարտավոր ենք ապահովել երկրի անվտանգ զարգացումը և շարունակել Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: Իմ պատկերացումներով՝ նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ»,- գրել է Սարգսյանը, պատասխանելով «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտների բաց նամակին: Իսկ հետո վարչապետ Սերժ Սարգսյանը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին՝ անհապաղ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ, զգուշացնելով «անդառնալի կորուստների մասին»: «Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ»: Ի պատասխան, արդեն 9-րդ օրը Երևանում բողոքի ակցիաները գլխավորող Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ պատրաստ են քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները:
ՀՀԿ-ն «ոչ կառուցողական է» որակում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը: Աժ փոխնախագայհ Էդուարդ Շարմազանովը հույս ուներ, որ Փաշինյանը դեռ հնարավորություն կունենա «սառը և հավասարկշռված» քննարկելու վարչապետ Սերժ Սարգսյանի կառուցողական առաջարկը: «Ափսոսում եմ, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ, մեծահարգ Սերժ Սարգսյանի երկխոսության առաջարկին պատասխանում է էմոցիոնալ և ոչ կառուցողական: Հուսով եմ, որ նա դեռ հնարավորություն կունենա իր աջակիցների հետ սառը և հավասարակշռված քննարկելու վարչապետի կառուցողական առաջարկը՝ քաղաքական խնդիրները լուծել քաղաքական երկխոսության ճանապարհով: Ինչ վերաբերում է հրաժարականի պահանջին, ապա ևս մեկ անգամ ասում եմ՝ ՀՀ վարչապետը ընտրվել է ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ հպարտ ու ազատ պատգամավորների ազատ կամարտահայտության, այն է՝ ազատ քվեարկության արդյունքում, 77 պատգամավոր կողմ է քվեարկել, 17 պատգամավոր՝ դեմ: Որևէ մեկը, այդ թվում՝ նաև մեր հարգարժան գործընկերը չպետք է գնա արկածախնդրության, չպետք է տանի ուլտիմատումների ուղի, այլ նստի և քաղաքական օրակարգի վերաբերյալ իրականացնի քաղաքական երկխոսություն»: