Զանազան կասկածելի անձանց կողմից լրատվամիջվոցների, տեսակետ արտահայտող անձանց «սև ցուցակ» կազմելը ամենից առաջ խոսում է կազմիչների կողմից այլ տեղեկությունների, այլ կարծիքի նկատմամբ անհանդուրժողականության, դրա հանդեպ գրեթե ենթագիտակցական վախի, մեծ ընդգրկմամբ՝ հանրությանը միակողմանի տեղեկատվական հոսքի մեջ պահելու շատ վատ նպատակ ունենալու մասին:
Նիկոլ Փաշինյանը, որպես լրագրության ասպարեզից քաղաքականություն մտած անձնավորություն, իհարկե, հրապարակավ այսօր հայտարարեց, որ դա ընդունելի չէ (բառացի այլ կերպ ասաց, բայց առանցքային իմաստը դա էր): Դե, եթե ընդունելի չէ՝ հրապարակավ, ապա վատ չէր լինի ճշտել՝ արդյո՞ք այդ «ցուցակակազմությամբ» իր շուրջը հայտնված որոշակի անձիք չեն զբաղված: Եվ, եթե՝ նման անձիք են (ինչի կասկածները նկատեցի այս հոռի երևույթին վերաբերող այլ արձագանքներում), ապա ինչպես իր հավաստիացմամբ՝ մյուս քայլերն է բացեիբաց անում, տեղին կլիներ հրապարակավ դիտողություն անել նման անձանց, մյուսներին էլ հասկացնելով, որ սխալ ուղղությամբ են գնում կամ գնում են իր իսկ հռչակած «ավելի լավ Հայաստանի» առանցքային մոտեցումը ժխտելու ուղղությամբ:
Չգիտեմ՝ կանե՞ն, թե՞ չեն անի: Իրենց որոշելիքն է, իհարկե: Բայց հետևություններ անելն էլ ամեն մեկի ինքնուրույն որոշելիքն է:
«Սև ցուցակ», «ուղղորդված ապատաղակատվություն», «հետևողական ապակողմնորոշում» և այլն. դրանք հայտնի մանիպուլյատիվ հնարքներ են, որոնք այս օրերին առավել քան ակտիվորեն կիրառվում են: ՈՒստի իմ բոլոր ընկերներին, որոնք սիրում են ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՄՏԱԾԵԼ (վստահ եմ, իմ բոլոր ընկերներն են այդպիսին) պարզապես ընկերաբար խնդրում եմ՝ ուշադիր լինել տեղեկատվության աղբյուրների, առհասարակ, հրամցվող տեղեկատվության նկատմամբ, առնվազն: Զերծ մնալ այլոց անձնապես վիրավորելուց, ինչպես նաև՝ արտահայտած տեսակետի համար այպանել-վիրավորելուց:
Վերջիվերջո, «Ֆեյսբուքը» (օրինակի համար) կարծես յուրաքանչյուրին թույլ է տալիս իր պատին արտահայտել իր մոտեցումները, տեսակետները, ընկալումները և այլն:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Երեկ հարցումանման մի բան էի կազմակերպել, և պարզեցի, որ ոչ մի ընկերոջ ու ֆրենդի երբևէ չեմ ասել, հրամայական կամ անընդունելի որևէ այլ ձևով չեմ ասել, թե ինքն ինչ ասի կամ ինչի մասին լռի, ինչպես մտածի և այլն: Շնորհակալություն՝ արձագանքած ընկերներին:
Միաժամանակ, զգուշացնում եմ, որ իմ գրառումների ներքո «քֆուր-քաֆար» անողները, «էս գրելու տեղն է»-ի կարգի, էլ չեմ խոսում՝ արգեսիվ կամ վերբալ ագրեսիայի ոգով «մեկնաբանոթյուն» թողնողները, առանց բացատրությունների ու բացառության՝ «բլոք» են արվելու:
Հա, ի դեպ, «բլոկ» եմ անելու (այս դեպքում՝ ժամանակավոր) նաև այն ֆրենդներին, ովքեր չատով «անհապաղ տարածեք»-ներ են ուղարկում:
Ողջություն, ողջախոհություն և սթափություն եմ մաղթում բոլորին: