Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին՝ մայիսի 1-ին առավոտյան ժամը 8։00-ից կրկին դուրս գալ փողոց և «հեղեղել Երևանի փողոցներն ու հրապարակները»։ «Մայիսի 1-ին կանխորոշում եմ հարյուր հազարավոր քաղաքացիներ Հայաստանի փողոցներում։ Ես կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ առավոտյան ժամը 8։00-ին լինել Երևանում, հեղեղել Երևանի փողոցները և հրապարակները, այդ թվում՝ Ազգային ժողովի հարակից փողոցները և հրապարակները»` հայտարարեց նա այսօր ասուլիսի ժամանակ:
Փաշինյանն այսօր ժամը 12:00-ին վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանին հրավիրել էր «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը, սակայն առավոտյան վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարեց, որ բանակցություններին մասնակցելը Կարեն Կարապետյանը համարում է «անհեռանկարային»։ «Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ: Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ: Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային»` ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հայտարարությունում ասել է վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:
Հարցին` «Կարեն Կարապետյանը հայտարարությունում նշում է, որ Դուք պայմաններ եք առաջ քաշում, վարչապետի պատոնակատարը նաև ուղիղ եթերին էր դեմ», ի՞նչ խնդիր է լուծում Կարեն Կարապետյանը չգալով, Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերին, և եթե մի մարդ, որն այնքան էլ վստահ չէ իր բանակցային ուժերին իր հայրենիքի ներսում, ինչպե՞ս է պատրաստվում ընդհանրապես բանակցել Ղարաբաղի հարցի շուրջ»։
Հարցին, թե Ազգային ժողովում ի՞նչ իրավիճակ է՝ հաշվի առնելով ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի որոշումները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. - «Հույս ունեմ, որ մինչև մայիսի 1-ը ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքն իրենց դիրքորոշումները կհստակեցնեն և այսօր-վաղը կհայտարարեն, թե ինչպես են իրենք պատրաստվում քվեարկել»։ Փաշինյանը վստահեցրեց՝ խոսքը ոչ թե վարչապետի ընտրության կամ պաշտոնակռվի մասին է, այլ Հայաստանում ստեղծված ճգնաժամը լուծելու։