Մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու և Հայաստանը հավատարիմ է մնալու իր բոլոր միջազգային պարտավորություններին, այսօր Գյումրիում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Մի այսպիսի «տրյուկ» են անում` փորձելով ներկայացնել, թե այս հարթակը, որ ղեկավարում է թավշյա հեղափոխությունը, հետագայում քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական պատերազմներ է մղելու Ռուսաստանի դեմ:
ՈՒրեմն ես ուզում եմ ընդամենը մի պարզ բան ասել` ես նույնիսկ չեմ ուզում ասել, որ մենք ամենևին էլ Ռուսաստանի թշնամին չենք, որովհետև դա պարզ է, բայց մենք առավել ևս մեր սեփական երկրի թշնամին չենք, որ մեր երկիրը տանենք ոչ խելամիտ և արկածախնդիր ճանապարհներով: Ասել ենք և ասում ենք` մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու»,- ասաց Ն. Փաշինյանը: Նա նշեց` իր ղեկավարած շարժումը երբեք չի ասել և չի ասում, որ Հայաստանը պետք է դադարեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին. «Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից: Մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ ոչ թե նրա համար, որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ որովհետև դա բխում է ՀՀ ազգային շահերից: Բայց մենք նաև կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունը ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար, քան ապահովում է մինչև հիմա: Մենք այս հարցերը չենք պատկերացնում, որպես հարցեր, որ պետք է լուծվեն հակամարտության տոնայնությամբ, սա համբերատար, խաղաղ, գործընկերային աշխատանքի հարց է, և ուզում եմ սա շատ հստակ ամրագրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց` Հայաստանը հավատարիմ է մնալու միջազգային պարտավորություններին` ներառյալ ԵՄ-ի հետ կնքած Խոր և համապարփակ համագործակցության և ԵԱՏՄ պայմանագրերը: «Սա չի նշանակում, որ մենք համարում ենք, թե երկու ուղղությամբ էլ համագործակցությունը անթերի է` ոչ, ամենևին, և մենք պիտի ձգտենք այդ հարաբերությունները դարձնել անթերի»,- ասաց Փաշինյանը: