Արձանագրելով, որ արցախյան ազատամարտի առաջին օրերից մեր երկրի տնտեսական ու ոչ միայն տնտեսական զարգացման կարևորագույն խոչընդոտը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակումն է, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ նա ունի՞ նոր գործիքակազմ, որը թույլ կտա վերացնել շրջափոկումն ու ապահովել Հայաստանի ավելի դինամիկ առաջընթացը:
«Տվյալ դեպքում էլ մտածում եմ, որ մենք պետք է ոչ թե ցանկալի մտածողությամբ առաջնորդվենք, այլ պետք է հաշվի նստենք իրողությունների հետ: Ցավոք սրտի, մեր հարևան երկրներում տեղի ունեցող պրոցեսները հիմք չեն տալիս լավատեսության, որ մենք առաջիկայում, համենայնդեպս, շատ մոտ ապագայում կարող ենք ունենալ ապաշրջափակում»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ խոսքը վերաբերում է թե Ադրբեջանին, թե Թուրքիային, որտեղ քաղաքական պրոցեսները նույնպես դրական ուղղությամբ չեն զարգանում: Հետևաբար պետք է արձանագրել իրողությունը և այդ իրողության պայմաններում ՀՀ տնտեսությունը դարձնել ավելի արդյունավետ ու մեր ունեցած պայմաններին ավելի հարմարված: «Ի՞նչ նկատի ունեմ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և հույս ունեմ, որ այն պոզիտիվ էներգիան, որ ստեղծվել է Հայաստանում, իրապես հնարավորություն կտա մրցակցային դաշտ ստեղծելու, որը մեծ ներդրումների հնարավորություն կտա՝ ներհոսք ապահովելու առնվազն հայկական շրջանակներից»,-մանրամասնեց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ արդեն իսկ հիմա նման պրոցեսներ նկատելի են ու զգացվում են: Նա նաև ասաց, որ ուղղակի եղած կոմունիկացիաների անցանելիությունը և օգտագործելիությունը պետք է երաշխավորվի, իսկ բիզնեսն ու մրցակցությունն իրենք այդ խնդիրները կլուծեն: Սա է իր պատկերացումը:
Որպես արձագանք՝ Գագիկ Մինասյանը հարցրեց. «Կարո՞ղ եմ արձանագրել, որ Դուք չունեք ապաշրջափակման որևէ ծրագիր: Ձեր ասածները տնտեսության զարգացման այլ հնարավորություններն են, որոնք իրականացվում են»: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Հայաստանը միշտ էլ ասել է, որ առանց նախապայմանների պատրաստ է բացել սահմանը Թուրքիայի հետ: Թուրքիան ասում է, որ մինչև Ղարաբաղի հարցը կարգավորված չէ, սահմանը չի բացվելու: Ադրբեջանն էլ ասում է, որ Ղարաբաղը իմն է, Երևանն էլ՝ հետը: Եվ ես ասում եմ, որ մենք պետք է այս իրողությունը հաշվի առնենք և ոչ թե հույս ունենանք, որ մեկ ամիս հետո Թուրքիայում կամ Ադրբեջանում ինչ-որ բան է փոխվելու, այլ պետք է ելնենք այն իրողությունից, որ մենք ունենք սահման, և պետք է մաքսիմալ օգտագործենք այդ երկու սահմանները»: Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ իր ասածներում նոր բաղադրիչն արդյունավետ օգտագործման գործոնն է: «Նոր կոմպոնենտն իրոք ազատ տնտեսության ներդրումն է, ներդրումների հնարավորությունը, հասանելիությունը, և եթե այս քաղաքական պայմանները ապահովվեն՝ տնտեսությունն իր ճանապարհների հարցերը կլուծի՝ եղած քաղաքական ու աշխարհաքաղաքական հնարավորությունների սահմաններում»,-ավելացրեց ՀՀ վարչապետի թեկնածուն: Նա հավելեց, որ ի վերջո, որքան էլ ճանապարհները փակ լինեն՝ կան սուբյեկտներ, որոնք շատ մեծ ծավալներով արտահանում են ապահովում և շատ մեծ ծավալներով շահույթ են ստանում: Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ, պետք է հանվեն ներմուծումների ու արտահանումների սահմանափակումները: Եվ այս մրցակցությունը պետք է գործի նաև բեռնափոխադրման բնագավառում, որ այլընտրանք լինի ծառայությունների մասով: