Դա ավելի շատ նման էր տոնախմբության, քան հեղափոխության, գրում է բրիտանական Economist-ը՝ անդրադառնալով հայաստանյան զարգացումներին:
«Անվադողեր այրելու ու բարիկադներ կառուցելու փոխարեն երիտասարդները փաթաթվում էին հայկական դրոշով, փողոցում պարում, ճանապարհներն էլ փակում վոյելբոլ խաղալով կամ պարզապես գորգերի վրա նստելով: Այս ամենի ետևում, սակայն, թավշա հեղափոխությունն է, որն առաջնորդում է Հայաստանի երիտասարդ սերունդը՝ անկախացումից ի վեր երկիրը վերահսկող հին գվարդիայի դեմ», - գրում է Economist-ը, հավելելով. «Մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը տասնյակ իշխանամետ պատգամավորներ փորձեցին վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով նրան որպես վտանգավոր, հակառուս և Կրեմլի համար ոչ ընդունելի թեկնածու, սակայն Մոսկվան լուռ էր»: Ըստ Economist-ի՝ «Ռուսաստանը վստահ էր Հայաստանի վրա ունեցած ռազմավարական իշխանության վրա և չէր ցանկանում աջակցել պարտվող կողմին»:
The Washington Post-ը նույնպես փաստում է՝ վարչապետին պաշտոնանկ անելը կարող է իսկապես շատ բարդ լինել, սակայն գործընթացը պետք է նաև հաճույք պատճառի․ համենայն դեպս, այդ տպավորությունն է ստացել թերթի թղթակիցը հայաստանյան վերջին իրադարձություններից: «Հարյուր հազարավոր ցուցարարներ փողոց էին դուրս եկել՝ անարյուն հեղափոխության, որի արդյունքում այդ փոքրիկ երկիրը առնվազն կարողացավ ձերբազատվել ավտորիտար կառավարումից», - գրում է The Washington Post-ը՝ շարունակելով․ - «Ապրիլի կեսերից, երբ խարիզմատիկ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սկսել է ցույցերը, Երևանը մտել է փողոցային տոնախմբությունների մի հորձանուտ, ուր հիմնականում երիտասարդները պայքարի են դուրս եկել, իրենց համոզմամբ, կոռումպացված իշխանությունների դեմ»: «Մենք՝ հայերս պարում ենք, երբ երջանիկ ենք», - ասել է ցույցի մասնակիցներից մեկը՝ ընդգծելով. «Մեզ շատ է երջանկացնում գիտակցումը, որ կարող ենք իշխանություններին ցույց տալ՝ նրանք չեն կարող մեզ խաբել»:
Բրիտանական Independent-ը բավական մանրամասն ներկայացրել է Փաշինյանի անցած ճանապարհը՝ ըմբոստ, կոռուպցիայի դեմ պայքարող ուսանողից մինչև համազգային շարժման առաջնորդ: Ընդամենը երկու ամսում նա կարողացավ ոչ միայն ետ պահել երկրի երկարամյա նախագահ Սերժ Սարգսյանին ցկյանս վարչապետ դառնալուց, այլև փոխեց քաղաքական սահմանագծերը՝ դառնալով երկրի նոր փրկիչը, որն ակնհայտորեն կարողանում է հարյուր հազարավորների առաջնորդել: Անդրադառնալով Փաշինյանի ծրագրերին, Independent-ը փաստում է՝ մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը նա խուսափեց ինքն իրեն ներկայացնել որպես ձախակողմյան կամ աջակողմյան գործիչ, պնդելով, թե այդ մոտեցումներն այլևս կենսունակ չեն: Ոմանք կարծում են, որ միտումնավոր քայլ էր՝ առավել ընդարձակ ընդդիմադիր կոալիցիա ձևավորելու համար, սակայն նրանք, որ ծանոթ են Փաշինյանին, նրան ներկայացնում են որպես ի սրտե լիբերալ, գործնականում՝ ինքնավստահ պոպուլիստ, հարկ եղած դեպքում էլ՝ պրագմատիկ քաղաքական գործիչ, գրում է Independent-ը: Բրիտանական թերթը զրուցել է Փաշինյանի մերձավոր աջակիցների հետ, ովքեր պնդել են, որ ռազմավարական որոշումները կայացվել են 20 հոգանոց խմբով, և Փաշինյանը մշտապես լսել ու հաշվի է առել աջակիցների տեսակետները: