ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանի պատմության համար նոր ու փառապանծ մի էջ է բացվել

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանի պատմության համար նոր ու փառապանծ մի էջ է բացվել
09.05.2018 | 02:17

ԱԺ հատուկ նիստում Հայաստանի վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը քվեարկությանը նախորդած ելույթում ներկայացրեց իր ձևավորելիք Կառավարության գործունեության առաջնահերթությունները:
«Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»` վարչապետի թեկնածուի ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի սիրո և համերաշխությունը հեղափոխությունը ոչ միայն որևէ վտանգ չի պարունակում, այլև նոր հնարավորություն է բացում Ղարաբաղի համար: Ինչպես 88-ի շարժմամբ հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախացմանը, հայկական այս հեղափոխության արդյունքը լինելու է Ղարաբաղի անկախության դե յուրե ճանաչումը: «Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքներով,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով,-բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը, ինչը նախատեսված է Մինսկի խմբի 1992-ի մանդատով»:


Արտաքին քաղաքական առաջնահերթություններին անդրադառնալով՝ Փաշինյանը հայտարարեց, որ վարչապետ ընտրվելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահը: Ըստ այդմ՝ հարաբերությունները զարգացնելու են Վրաստանի և Իրանի, Ռուսաստանի և ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Հնդկաստանի հետ:
Հայաստանը կյանքի է կոչելու ԵՄ-ի հետ համաձայնագիրը, շարունակելու է մնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ․ - «Մենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր գործոն: Մեր առաջնահերթություններից է եվրոպական երկրների և ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը»:


Նա հայտարարեց, որ օրենքի առաջ հավասարության հաստատման պայմաններում պետք է տեղի ունենա նաև տնտեսական հեղափոխություն, կոչ արեց սփյուռքի գործարարներին՝ գալ և ներդրումներ անել Հայաստանում:
Հայաստանի գործարարներին էլ՝ աշխատել օրենքով, վճարելով հարկերը. «Համոզված եղեք, որ պետությանը ձեր վճարած գումարները ոչ թե թալանվելու են, այլ ծառայելու են մեր ազգային և պետական շահերի սպասարկմանը»:


Ըստ Փաշինյանի, տնտեսական զարգացման այնպիսի մոդել է ներդրվելու, որ իրապես կփոխի մարդկանց կյանքը և կտրուկ կմեծացնի բյուջեի աճը, ինչը աշխատավարձերի և թոշակների բարձրացման հնարավորություն կստեղծի:
Վարչապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը տնտեսական զարգացման երեք առաջնահերթություն է առանձնացնելու․ հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտները: Պետք է վերանայվեն հատկապես գյուղացիների վրա ծանրացած վարկային պարտավորությունները, տարբեր ոլորտներում քաղաքացուն տուգանելու տրամաբանությունը պետք է փոխվի․ - «ՀՀ-ն սեփական քաղաքացուն հետապնդող, տուգանող, պատժող պետությունից շատ արագ պետք է վերածվի քաղաքացուն աջակցող, նրա հետ համագործակցող պետության»:


Բարեփոխումներն արվելու են «առանց վենդետաների»․ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ: Ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ: Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր նախընտրած բիզնեսով և վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ: Իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ: Հաստատվելու է օրենքի, իրավունքի գերակայություն և վերջ: Որևէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային այս ժամանակահատվածում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու: Միևնույն ժամանակ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ այս խնդիրները լուծվելու են առանց վենդետաների և առանց սեփականության վերաբաշխման՝ խստորեն պահպանելով օրինականությունն ու բոլոր քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը: Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջն այլևս փակված է Հայաստանում, և օրենքը հավասարաբար և նույն կերպ պիտի գործի ինչպես քաղաքական համախոհների ու մերձավորների, այնպես էլ քաղաքական մրցակիցների ու քննադատների նկատմամբ: Սա է հայկական հեղափոխության հիմնական և ամենակարևոր ուղերձը, որին մենք պետք է հավատարիմ մնանք անմնացորդ և մինչև վերջ»:


Կրթությունը պետք է ապակուսակցականացվի, լուրջ բարեփոխումներ պետք է կատարվեն առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում, պետք է վերջ դրվի զինվորների սոցիալական հոգսը նրանց ծնողների վրա թողնելու պրակտիկային: Անթույլատրելի է, որ հակառակորդի գնդակից կամ խաղաղ պայմաններում զինվորի զոհվելու մասին տեղեկությունները աչքի համար սովորական դառնան լրահոսում. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր և նույնիսկ անհնար ամեն ինչ անում է յուրաքանչյուր զինվորի կյանքը, առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար»:


Պետական համակարգում կադրային ջարդ չեն իրականացնելու․ - «Մենք հույս ենք դնում պետական կառավարման համակարգում գործող բոլոր այն պրոֆեսիոնալների վրա, ովքեր իրենց դիրքին ու պաշտոնին հասել են տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ»: Բոլոր փոփոխություններից ամենաառաջնայինը, ըստ Փաշինյանի, ընտրական համակարգի բարեփոխումն է՝ իրոք ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար. «Սա մեզ համար առաջնահերթություն է, որովհետեւ շարունակում ենք համոզված մնալ, որ Հայաստանի Հանրապետությունում պրոցեսները սխալ ուղղությամբ սկսել են ընթանալ, երբ երկրում սկսել է կիրառվել ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու արատավոր պրակտիկան, և մենք պետք է ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ օրենսդրական և տեխնիկական միջավայր ապահովենք՝ հետագայում այսպիսի որևէ դրսևորում թույլ չտալու համար»:


Հայաստանում քաղաքական դրդապատճառներով այլևս բանտարկյալներ չպետք է լինեն` «Ուզում եմ հավաստիացնել, որ Երրորդ հանրապետության պատմության հետ, անցյալի հետ կապված բազմաթիվ հարցեր առաջիկայում անպայման պատասխան են ստանալու: Բայց այս ամենը տեղի է ունենալու ոչ թե ատելության, թշնամանքի, հետապնդումների, գիլյոտինի, այլ հանրային մեծ երկխոսության, ճշմարտության փնտրտուքի, ազգային համերաշխության և միասնության մթնոլորտում: Կառավարությունը նաև իր իրավասության շրջանակներում ջանքեր կգործադրի, որ քաղաքական գործունեության համար բանտերում հայտնված անձինք օր առաջ ազատ արձակվեն, և մենք ի վերջո ազատվենք քաղբանտարկյալ ունեցող երկրի ամոթալի խարանից»:


«Ատելությունն ու ատելության քարոզը տեղ չունեն և չպետք է ունենան նոր Հայաստանում: Որևէ կասկած չկա, որ Հայաստանի պատմության համար նոր ու փառապանծ մի էջ է բացվել: Վերադարձ հնին այլևս չի լինելու: Մեր երկրում այլևս տեղ չունեն հուսահատությունն ու անելանելիությունը, մեր երկիրը պինդ կանգնած է իր ոտքերի վրա՝ բաց ճակատով և ամուր ողնաշարով», - Ազգային ժողովում իր ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Աժ հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Ավելի ուշ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ