Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: The New York Times-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընտրվել է վարչապետ 59 կողմ, 42 դեմ ձայներով: Թերթը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. «Ձեր հաղթանակն այն չէ, որ ես ընտրվեցի Հայաստանի վարչապետ: Ձեր հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով պետք է լինի Հայաստանի վարչապետը»: Նիկոլ Փաշինյանը իր շարժումը սկսել է մարտի 31-ին՝ Հայաստանի տարածքով քայլարշավ իրականացնելով, որի սկզբում ոչ ոք այդ ամենին լուրջ չէր վերաբերվում: Սակայն ընդամենը երեք շաբաթ հետո նախկին լրագրող և ակտիվիստ Նիկոլ Փաշինյանը սկսեց քաղաքացիական անհնազանդության լայնածավալ գործողություններ, ինչը փոխեց երկրի քաղաքական լանդշաֆտը: Վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը Հայաստանին ռազմավարական նշանակություն է տալիս
The Washington Post-ը նույնպես անդրադարձել է Հայաստանի թավշյա հեղափոխությանը: «Նրանք փողոցներ էին փակում, գործադուլներ անում, թափահարում էին հայկական եռագույն դրոշը եւ դրա հետ մեկտեղ անում էին այն, ինչը հեղափոխության հետ ոչ մի կապ չունի՝ պարում էին»,- նշում է հեղինակը:
Երբ ապրիլի կեսերին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սկսեց բողոքի ցույցերը, Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տոնական տրամադրություն էր: Երիտասարդությունն ըմբոստացել էր կոռումպացված իշխող էլիտայի դեմ: Նրանց ժողովրդավարական շարժումը Սերժ Սարգսյանին ստիպեց վարչապետի պաշտոնից հեռանալ ավելի քան 10-ամյա կառավարումից հետո: Հայերը պարելով իրենց ավելի ուժեղ են զգում: Պարը երկրի եւ ամբողջ աշխարհում ցրված սփյուռքի միջեւ կապող օղակ է: Հայկական պարային համույթները պարբերաբար ելույթ են ունենում տարբեր հարթակների վրա՝ Լոս Անջելեսից սկսած եւ Մոսկվայով ավարտված, իսկ պարային բարդ ծրագրերը հայկական ավանդական հարսանեկան արարողությունների մի մասն են: Մեքենաներից ժողովրդական երգ էր լսվում, մարդիկ բռնում էին մեկը մյուսի ձեռքն ու պարում: Ցուցարարները պարում էին նաեւ ավանդական քոչարին, որը մտած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ: «Մենք հայ ենք: Մենք պարում ենք, երբ երջանիկ ենք»,- թղթակցի հետ զրույցում նշում է 24-ամյա դիզայներ Սոնան: Հեղափոխության ժամանակ ելույթները միայն պարերով չէին սահմանափակվում՝ երաժիշտների խումբը, այդ թվում՝ ջութակահարներ եւ թավջութակահարներ, այս շաբաթ փակել էր մշակույթի նախարարության մուտքը, նրանք կատարում էին Կոմիտասի ստեղծագործությունները: Նույն օրը նախարարը հրաժարական տվեց: