«Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իսկապես պատմական էր։ Այդ հաղթանակն ու նրանով պայմանավորված խաղաղությունը նոր դռներ բացեցին մեր ժողովրդի համար և նոր հորիզոններ բացեցին նրա ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման ու զարգացման համար: Հայ ժողովրդի բոլոր հատվածներն այդ հաղթանակին տվեցին այն ամենը, ինչ կարող էին, և փառքով պսակեցին իրենց անունը Երկրորդ աշխարհամարտի բոլոր ճակատներում, ինչպես նաև թիկունքում, պարտիզանական կռիվներում և դիմադրական շարժումներում։ Խորին ակնածանքով այսօր մենք մեր հարգանքն ու երախտագիտությունն ենք հայտնում մեր վետերաններին: Այսօր մեզ համար կրկնակի տոն է։ Մենք տոնում ենք Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը։ Այդ փառավոր հաղթանակը սոսկ ռազմական հաջողություն չէր։ Դրանով արցախահայությունը փրկվեց բնաջնջման վտանգից և ձեռք բերեց խաղաղ ապրելու հեռանկար։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև և հավաստիացնում, որ անհատի և ազգի ազատության ոտնահարումը չի հանդուրժվելու։ Չի հանդուրժվելու, որովհետև մեր ժողովուրդն ունի մարդասիրական իդեալներ, ազատասեր ոգի, ինչպես նաև միասնական կամք՝ պաշտպանելու այդ իդեալները:
Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը, նրա համաժողովրդական ընդգրկումը ևս մի անբեկանելի ապացույց է, որ մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչ են ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղասիրությունը։ Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կրկին վստահ է իր ուժերին, Շուշիի ազատագրման ոգին արթուն է մեր սրտերում և աչքերում:
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
չեմ կասկածում, որ վերջին իրադարձություններով ավելի ամրապնդված հայ ժողովրդի հաղթական ոգին Հայաստանին ու Արցախին բերելու է նոր հաջողություններ։ Հայ ժողովուրդը վստահ քայլում է իր երազանքների իրականացման ճանապարհով: