Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակների առթիվ: Այսօր հաղթության օր է` Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը: «Այսօր նաև նոր հանրապետության առաջին օրն է: Մենք ունենք նոր վարչապետ: Երիտասարդները, ժողովրդի մեծ մասը հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու, քան երեկ: Ես էլ այդ հույսն ունեմ: Պետք է հպարտ լինենք այսօրվա Հայաստանով, որովհետև կարողացանք անել այնպիսի մի բան, որն այլ պետություն չի կարողացել վերջին տարիներին անել: Սա հայկական հեղափոխություն էր, հեղափոխություն հայկական ձևով՝ ծաղիկներ, ուրախությամբ, փուչիկներով: Մեր ողջ հայ ժողովրդի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը 10 անգամ ավելի բարձր է, քան մեկ ամիս առաջ: Դրական ողջ էներգիան, եռանդը, որը ցույց տվեց ժողովուրդը, պետք է ներդրվի երկիրն ավելի լավ կառուցելու համար»,- ասաց Ա. Սարգսյանը:
Նա չբացառեց, որ արտերկրում ապրող հայրենակիցները վերադառնան, որովհետև, ըստ նրա, կա նման ցանկություն: Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կբերի՞ նոր փոփոխություններ, նախագահն ասաց, որ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, իրենք հարգալից հարաբերություններ ունեն, և ինքը՝ որպես նախագահ, ներդրում կունենա, որ կառավարությունը հաջողության հասնի: «Հակառակ դեպքում՝ անիմաստ կլինի ողջ շարժումը»,- նշեց Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանն ասաց, թե կարևոր չէ՝ ով է իրեն առաջադրել այդ պաշտոնում, կարևորն այն է, թե ինչպես ինքը կծառայի հանրապետությանն ու ժողովրդին:
«Խնդիրն այն է, թե կարողանալո՞ւ ենք արդյոք մեր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին երազում է ժողովուրդը»,- ավելացրեց Սարգսյանը: Նա հույս հայտնեց, որ մոտ օրերին վարչապետը կկազմի նոր կառավարություն, և տնտեսական խնդիրները, արդարադատության, կոռուպցիայի հետ կապված խնդիրները կլուծվեն գործադիրի կողմից:
«Նախագահը վարչական լծակներ չունի, ես պատի նման կանգնած եմ լինելու օրենքի ու օրինականության ապահովման համար»,-հավելեց նա: Նախագահն ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ մի քանի օր առաջ է հանդիպել, թեյ են խմել, զրուցել հայաստանյան իրադարձությունների մասին: Սարգսյանն ասաց, որ իր տպավորությամբ նախկին վարչապետը երկիրը լքել չի պատրաստվում: