«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 19-ին մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ նաև ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը: Սակայն այս նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելը խիստ ձևական բնույթ է, փաստացի այս կառույցը չի կարողանալու, ժամկետների մեջ տեղավորվելով, ներկայացնել իր կարծիքը փաթեթի մասին: Ընտրական օրենսգրքի բուն նախագիծը միայն վերջերս է ուղարկվել հանձնաժողովին, մինչ այդ պարզապես հայեցակարգն է ուղարկված եղել: Եվ փաստացի այս նախագիծն ուղարկված էլ չէ որևէ կարծիք ունենալու համար, այլ փորձ է արվում ապահովել գործընթացների հերթականությունը: Ու այս իրավիճակում միջազգային կազմակերպությունների հանդեպ ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորվում: Եվ փաստացի ՀՀ իշխանություններն այնքան են շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, որ անգամ Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել: Ո՞րն է այս շտապողականության ու միջազգային կազմակերպության հետ հաշվի չնստելու փաստի բացատրությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ արդարադատության նախարար, ՀՀ վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանը պատասխանեց, թե «Հայաստանում առկա է ֆորսմաժորային, հակասահմանադրական իրավիճակ, որը պետք է շտապ հանգուցալուծվի»: Բայց այս շտապողականության պայմաններում չի բացառվում, որ եվրոպական կառույցները նաև ոչ լեգիտիմ համարեն սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքները` հենվելով քաղաքական ուժերի բողոքների և իրենց հետ հաշվի չնստելու կարևոր փաստի վրա»: