Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Հայկ Մարությանի «պերեստրոյկան»

Հայկ Մարությանի «պերեստրոյկան»
27.11.2018 | 02:45

Շաբաթներ առաջ համացանցի հայկական տիրույթը ողողվեց տեսանյութերով ու լուսանկարներով, որոնցում երևում էր, թե քաղաքապետարանի աշխատակիցներն ինչպես են ապամոնտաժում Նորք Նորքում ապօրինի կառուցված շինությունը: Իհարկե, շատ լավ է, որ Երևանի քաղաքապետարանը վերջապես սկսեց հանդես գալ որպես քաղաքապետարան, միաժամանակ հարց է առաջանում՝ որքանո՞վ է այս վարքագիծը տեղավորվում թավշյա սկզբունքների թղթածրարում:


Ինչևէ, անդրադառնանք բուն ասելիքին. Հայկ Մարությանն իր «թագադրման» օրը հայտարարել էր, որ, քաղաքի հոգսերով տարված, քաղաքում վազվզելու է: Եվ ահա, տեսնում ենք, որ նորընտիր քաղաքագլուխն այնքան լավ շնչառություն ունի, որ պաշտոնավարման հենց առաջին օրերին վազելով հասել էր Նոր Նորք ու, տեսնելով ապօրինի շինություն, հրահանգել քանդել:


ՈՒղղակի հետաքրքիր է, Մարությանը ո՞ր կողմով էր վազել Նոր Նորք, Կենտրոն վարչական շրջանով չէ՞ր անցել, չէ՞ր տեսել, որ մայթերն օկուպացրել են «թափով» սեփականատերեր ունեցող սրճարաններն ու խանութները: Չէ՞ր նկատել, որ որոշ սրճարաններ բառացիորեն գործում են մայթերի վրա, որոնք սահմանված են հետիոտնի համար:
Երևանյան «պերեստրոյկայի» ռահվիրան պետք է Օպերայի տեղն էլ իմանա, չէ՞. անձամբ ես մի քանի անգամ տեսել եմ, թե ինչպես է նա, դեռ այն ժամանակ Ազիզյան Գառնիկի բեղ-մորուքով Հայկ Մարությանը, վազում այդ տարածքում: Դարձյալ հետաքրքիր է, չի՞ նկատել, որ մի շարք սրճարաններ (անունները չտամ, ինքը լավ գիտի, ավելին` օգտված էլ կլինի), «օկուպացրել» են Օպերայի շենքն ու արհեստականորեն փոքրացել Ազատության հրապարակը: Դե, ես կասկած չունեմ, որ մեր «բեմի վարպետ» քաղաքապետը շատ լավ գիտի, որ Ազատության հրապարակն Օպերայի և բալետի շենքի մի մասն է՝ բացօթյա, հետևաբար` հուշարձան: Ավելի քան վստահ եմ, որ, որպես Հյուսիային պողատայում տուն ունեցող մարդ, մեր «ամենակարգին» քաղաքապետը տեսած կլինի տեղում տիրող իրավիճակն ու... Լավ, բա ինչու՞ է լռում, «դու՞խ» չունի, թե՞ արդեն պարտվել է ոսոխ Բելին։


Մարությանն այդքան «դուխ» կունենա՞, որպեսզի վերոհիշյալ սրճարանների «օբյեկտները» ապամոնտաժի: Կհամարձակվի՞ հրահանգել, որ օրը ցերեկով էքսկավատորը քանդի դրանք: Կամ կկարողանա՞ Արամ Մանուկյանի տան հարևանությամբ բարձրացող, Երևանի տեսքը փչացնող շենքի երկնուղեշությունը կասեցնել և ընդհանրապես, երբևէ կմտածի՞ Արամի օրեցօր փլվող տան մասին, թե՞ ինքը «դաշնակներին չի սիրում»։


Հայկ Մարությանը բավարարվեց միայն Նորքում մի շինություն ապամոնտաժելով, չնայած չապամոնտաժեց, քանդեց, դրանք տարբեր բաներ են: Ի դեպ, քանդելու մասով. ասենք, հնարավոր չէ՞ր հանդուրժել այդ փոքրիկ հատվածն ու ընդհանրապես չապամոնտաժել շինություններ, որոնք, այսպես ասած, չեն փչացնում քաղաքի տեսքը, և ուշադիր լինել, որ նման ապօրինություններ այլևս չկրկնվեն, փորձի դեպքում էլ սաղմի մեջ կասեցվեն: Թե չէ, ինչի՞ է նման, երբ երևանցու «ցավը տանող» քաղաքապետի թեկնածուն մի քանի շաբաթ անց, արդեն որպես քաղաքապետ, քանդում է նույն երևանցու տունը կամ հարակից շինությունը. «հեղափոխությունը» թավշյա էր, չէ՞: Սա, ինչ-որ տեղ, կարելի է ասել, ցուցադրական քայլ էր, մանավանդ որ մինչև հիմա Երևանի կենտրոնում իրենց ողջ «հմայքով» կանգուն են Երևանի տեսքը փչացնող տասնյակ կառույցներ։


Անցան օրեր, շաբաթներ։ Իսկ թե հիմա քաղաքապետն ինչու՞ չի երևում, թող նրան քաղաքապետ դարձնողները պատասխանեն: Թե Երևանն ինչու է կեղտի մեջ կորած, տրանսպորտն ինչու է նույն վիճակում, ինչու են խցանումները մնացել սովորական երևույթ, ինչու են կենտրոնական փողոցները շարունակում առաջվա պես մնալ «չաղ տղերքի ստայանկեք», ինչու են հիշյալ տղերքն իրենց մեքենաները կայանում նաև մայթերի վրա, ինչու են «ապերներն» էլի իրենց մեքենաներով «խաղեր տալիս» Ազատության հրապարակում, թող կրկին պատասխանեն նրանք, ովքեր ընտրել են։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ