Մեկնարկել են Իսպանիայի գավաթի մեկ քառորդ եզրափակչի խաղերը: Արդեն կայացել են «Սևիլիա»-«Բարսելոն», «Խետաֆե»-«Վալենսիա» դիմակայությունների առաջին հանդիպումները: «Սևիլիան» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել հյուրերին, որոնց կազմում բացակայում էր երկու առանցքային խաղացող՝ Մեսին ու Բուսկետսը:
Բոլոր դեպքերում նշենք, որ կատալոնցիները պատասխան խաղում իրենք իրենց համար ստեղծեցին լուրջ դժվարություն, թեպետ «կապտանռնագույներն» իրենց պրակտիկայում անհամեմատ անհուսալի վիճակներից են դուրս եկել: Հիշենք թեկուզ երկու տարի առաջ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հյուրընկալվելիս ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենից» 0։4 հաշվով կրած պարտությունն ու սեփական հարկի տակ դրան 6:1 հաշվով պատասխանելը: Ինչևէ: Տեղեկացնենք նաև, որ «Բարսելոնի» կազմում իր նորամուտն է նշել Քևին-Պրինս Բոատենգը, որն օրերս է իր երազանքի ակումբ տեղափոխվել իտալական «Սասուոլոյից»:
Ինչ վերաբերում է օրվա երկրորդ մրցակցությանը, «Խետաֆեն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջել է «Վալենսիային»:
Երեկ կայացել են մյուս երկու հանդիպումները: «Էսպանյոլը» մրցել է «Բետիսի», Մադրիդի «Ռեալը»` «Ժիրոնայի» հետ: Հանդիպումներն այդ կայացել են ուշ երեկոյան, դրա համար էլ արդյունքների մասին ոչինչ չենք հաղորդում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ