ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայաստանում հեղափոխական էյֆորիան մարել է, սպասելիքներ կան

Հայաստանում հեղափոխական էյֆորիան մարել է, սպասելիքներ կան
10.07.2019 | 19:19

Հայաստանի հանրության 60 տոկոսը կարծում է, որ երկիրը ճիշտ ողղությամբ է առաջ շարժվում: Այս ցուցանիշը, նախորդ տարվա հոկտեբերի համեմատությամբ, անկում է ապրել 12 կետով: Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցում է իրականացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Տվյալները Հայաստանում հավաքագրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան մայիսին` սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:բ«Սոցիոլոգիական հարցումները անում ենք ԱՄՆ-ի «Գելափի» հետ: Կոնկրետ հետսովետական երկրներում՝ «Գելափ Բալթիկ Սըրվեյ» կազմակերպության հետ», - մասնավորեցրեց Պողոսյանը:


Հարցումներ անցկացվել են ողջ երկրում՝ 18-ից բարձր 1200 բնակիչների հետ դեմ առ դեմ հարցազրույցներով: Հետազոտությունը, ըստ Պողոսյանի, վկայում է. «Հեղափոխության պիկի և մեկ տարի անց ժամանակաշրջանը համեմատել էլ նույնիսկ չի կարելի, որովհետև մարդիկ շատ բան են սպասում, բայց ես հասկանում եմ, որ ամեն ինչ մեկ տարում անել էդքան էլ հնարավոր չի»:
Պետական ինստիտուտների գործունեության հանդեպ վստահության սանդղակում առաջին տեղում նախագահի գրասենյակն է՝ 81 տոկոսով, հաջորդում են բանակը, Վարչապետի գրասենյակը՝ 72 տակոսանոց վստահությամբ, Հայ առաքելական եկեղեցին և հետո՝ խորհրդարանը. «Նախագահը որպես անձնավորություն շատ լավ ընկալվեց հենց սկզբից: Իր նկատմամբ իսկապես շատ դրական մոտեցումներ կան, լավ են ընկալում և բարձր են գնահատում՝ հաշվի առնելով անցյալը, հնարավորությունները: Մյուս կողմից, կառավարությանն ինչու է ավելի քիչ, որովհետև ամեն ինչ սպասվում է կառավարությունից, ռեալ գործը այսօր, ռեալ որոշումները գալիս են կառավարությունից»:


Հարցվածները թվարկել են, թե որոնք են համարում կառավարության հաջողությունները․ առաջին տեղում կոռուպցիայի նվազումն է, ապա՝ մարդկանց հոգվիճակի բարելավումը, երրորդ տեղում որպես հաջողություն նշել են ՀՀԿ-ի հեռացումը: Եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ո՞ւմ կընտրեին հարցվածները: Առաջին տեղում «Իմ քայլն» է՝ 59 տոկոս, երկրորդում՝ ԲՀԿ-ն (12 տոկոս), երրորդում՝ ՀՀԿ-ն (5 տոկոս):
Գևորգ Պողոսյանն այս ցուցանիշը նույնպես տրամաբանական է համարում․ - «Այդ 5 տոկոսը, որ տալիս են, ես կարծում եմ, հետո ավելի շատ կտան: Եվ կասեմ ինչու: Որովհետև հիմա ամենասուր քննադատությունը գալիս է էդ կողմից: Եթե մենք խոսենք ընդդիմություն - իշխանություն դիսկուրսով, ամենաընդգծված ընդդիմությունը, որը պառլամենտական չի, բայց այնուամենայնիվ գոյություն ունի, ՀՀԿ-ն է»:
Ո՞ր կուսակցությունների օգտին երբեք չեք քվեարկի: Առաջատարը ՀՀԿ-ն է՝ 56 տոկոսով: Իսկ որո՞նք են կառավարության ձախողումները: Հարցվածների 22 տոկոսը նշել է վատ կառավարումը, 9 տոկոսը՝ քաղաքական անկայունությունը: 27 տոկոսը որևէ ձախողում չի գտել:


Նիկոլ Փաշինյանի կառավարությունից առաջիկա 6 ամսվա ակնկալիքները հանրության շրջանում սոցիալական են՝ աշխատատեղերի ստեղծում, թոշակների, աշխատավարձերի ավելացում: Արցախյան հիմնախնդրի լուծման ակնկալիքը վեցերորդ տեղում է:
Հարցվածների 60 տոկոսը ցանկանում է, որ տնտեսական բարեփոխումներն արագ կատարվեն և ոչ աստիճանաբար: 42 տոկոսը կարծում է, որ անցած վեց ամիսների ընթացքում տնտեսությունն ընդհանուր առմամբ զարգացում է ապրել, բայց միայն 24 տոկոսն է բարելավում նկատել սեփական սոցիալական վիճակի մեջ։


Նվազել է այն մարդկանց տոկոսը, ովքեր հավատում են, թե կարող են ազդել երկրում ընդունվող որոշումների վրա. 72 տոկոսից այս ցուցանիշը հասել է 53 տոկոսի։
Ինչպիսի՞ տրամադրություններ են գերիշխում Հայաստանում: 69 տոկոսը լավ ապագայի հույս ունի, 20 տոկոսը այնքան էլ լավատես չէ, 7 տոկոսը հիասթափված է, անհանգիստ ու ապագայի հանդեպ վախով:
Ի՞նչն է ամենաշատն անհանգստացնում հարցվածներին: Պատերազմը, արցախյան հակամարտությունը։
Կոռուպցիայի մակարդակը տարբեր օղակներում․ հարցման մասնակիցներն առաջին եռյակում նշել են դատարանները, հարկային ոլորտը, բուժհաստատությունները։
Կոռուպցիայի դեմ կառավարության ջանքերը բավարար է գնահատել հարցվածների 59 տոկոսը։
Այս ուսումնասիրության մեջ անփոփոխ է այն երկրների ցանկը, որոնք մարդկանց ընկալմամբ Հայաստանի քաղաքական գործընկերներն են․ «Առաջին տեղում Ռուսաստանն է, հետո Ֆրանսիան, Վրաստանը, Եվրամիությունը: Մի քիչ ավելի քիչ ԱՄՆ-ը»:
Համայնքային խնդիրներից առաջին տեղում աղբն է, գործազրկությունը, ճանապարհների ու տրանսպորտի վիճակը։

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ