Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը՝ կիրակի լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը:
«Կանցլերը մտահոգություն է հայտնել շարունակվող բախումների և զոհերի թվի աճի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները և վերսկսեն բանակցությունները», - հայտնել է Դեմերը: «Նա բոլոր առումներով պաշտպանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 1-ին հայտարարությունը (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա)», - ասել է ԳԴՀ կառավարության ներկայացուցիչը: Մերկելը կոչ է արել պատերազմող կողմերին համաձայնեցնել մարդասիրական դադարի մասին՝ զոհված զինվորների դիերը մարտական գոտուց դուրս բերելու համար:
Կանցլերի և վարչապետի զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին: