Ռուսաստանում պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ հեռահար ձևաչափով հանդիպմանը միացել է նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությունը: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ չնայած հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքերի դիտավորյալ թիրախավորումը։ Նա ընդգծել է տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց: