ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Իշխանություն՝ ընծա և պատիժ

Իշխանություն՝ ընծա և պատիժ
21.07.2023 | 08:25

Իշխանությունը գայթակղիչ և ցանկալի մի բան է, երբ նրան նայում ես իշխելու, վայելելու դիտանկյունից: Հոգսաշատ և հյուծիչ, բայց նաև պատվաբեր մի բան է, երբ նրան նայում ես պատասխանատու և պարտավորված կրելու դիտանկյունից:

Եվ վերջապես՝ վտանգավոր ու կործանարար մի բան է, երբ ամեն գնով փորձում ես պահել այն, երբ արհամարհելով պատասխանատվություն ու պարտավորվածություն, ամբողջովին տրվում ես իշխելու և վայելելու գայթակղությանը և մսխում ես նրանից «մարդավարի հրաժարվելու» բոլոր հնարավոր տարբերակները… ինքդ դառնալով քո վարկաբեկման և անողոք դատաստանի հեղինակը:

Ո՛չ ոք պատասխանատու չէ քո կատարած ընտրության հարցում՝ դու՛ ես ձգտել և հասել իշխանության, դու՛ ես ընտրել` ինչպես վարվել այդ իշխանության հետ և նրանից «մարդավարի հրաժարվելու» փոխարեն շարունակել ես կառչած մնալ նրանից՝ անգամ հայրենիքը մաս-մաս հանձնելու գնով:

Արդ, ինքդ էլ պատրաստ եղիր գազազած ամբոխի կողմից բզկտվելուն՝ այն ամբոխի, որը ժամանակ առաջ «ցիվիլ հանրություն» էր և քեզ իր ուսերին դրած բերեց իշխանության:

Եվ այդ ժամանակ արդեն ո՛չ ոքի չմեղադրես ու իզուր չփորձես ճղճղան ձայնով օգնություն կանչել և գթասրտություն աղերսել:

Ո՛չ ոք այլևս չի գթալու և ո՛չ ոք այլևս չի գա քեզ օգնության:

Ո՛չ միայն չե՛ն գա, այլև տարրական, քրիստոնեական խղճահարության էլ անարժան կհամարեն քեզ, քանզի իշխանության մնալու նպատակով Հայրենիքը վաճառքի հանելը երբե՛ք չի ներվել ոչ ոքի՝ ոչ մի ազգի կողմից:

Հայրենիքը բացարձակ արժեք է և վեր է ամեն ինչից ու յուրաքանչյուրից՝ այդ թվում քեզանից:

Հայրենիքից բարձր միայն Արարիչն է՝ կատաղած ամբոխի աքցաններում միգուցե ընկալես դա:

Իշխանությունը, ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «Թթու թան չի,ամեն մարդու բերնի բան չի»…«դուխով» ջան:

Իշխանությունդ պահելու համար ինքդ գերի ես հանձնվել և մի ողջ ժողովրդի հետդ դարձրել ես գերի ու քո չեղած խելքով ներկայացնում ես, իբրև թե փրկում ես՝ ճարպիկ ես, խոսք չկա, բայց այդ մանիպուլյացիադ ևս սպառել է իրեն և ընդհանրապես բոլոր ունեցածդ ռեսուրսներն այլևս իսպառ սպառված են:

Եթե իշխանության մոլուցքից ուղեղդ վերջնականապես չի մթագնել, փասափուսեդ սուսուփուս քաշի ու գնա՛…այսօր, հիմա, ժամ առաջ՝ քանի դեռ կարող ես գնալ և գնալու տեղ ունես:

Գնա՛, կանխի՛ր ամբոխի կողմից բզկտվելդ, մի՛ հրահրիր վերածելու այն անխուսափելիության:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2719

Մեկնաբանություններ