Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այսօր հայ հետախույզի օրն է

Այսօր հայ հետախույզի օրն է
05.11.2024 | 14:02

Իսկ մեր ազգային օրացույցում նոյեմբերի 5-ը կարևոր տեղ ուներ նաև հայրիկիս համար ու նրա կյանքում:

Հայ հետախույզները պատմության հերոսներ են. նրանք հերոսներ են, որ անօրինակ սխրանքներով փառավորեցին ոչ միայն մեր, այլև օտար ժողովուրդների պատմության էջերը՝ Գևորգ Վարդանյան, Զատիկ Խանզադյան: Արցախյան ազատամարտում մեր հաղթանակը կերտվեց նաև հայ հետախույզի շնորհիվ, որոնց շարքերում բազմաթիվ զինվորականներ հետո կանգնելու էին մեր նորանկախ երկրի բանակի ու բանակաշինության ակունքներում: Եվ մեր նորագույն պատմության մեջ այս օրը ամրագրվել է որպես Հայ հետախույզի օր:

Նրանք պատվով կատարեցին իրենց առաքելությունը Ապրիլյան պատերազմում:

Շատերն էլ անմահացան Արցախյան 44-օրյա պատերազմում:

Նրանց դեմքերը մենք չենք տեսնում և ոչ էլ անուններն ենք իմանում մեր ժամանակի ծիրում…

Բայց պատմության հոլովույթում բացահայտվելու են այդ անունները, և թեև մասամբ ու ոչ ամբողջությամբ, սերունդներն իմանալու են, թե մեր գոյապայքարի բովերում ինչպիսի սխրանքներ գործեցին հայ հետախույզները:

Արցախյան գոյապայքարում ձևավորվեց նաև Հատուկ նշանակության գունդը:

Իսկ մեր նորագույն պատմության և Հայոց բանակի կազմավորման ողջ ընթացքը վավերագրած հայրս՝ լուսանկարիչ Գագիկ Պողոսյանը, իր ամբողջ կյանքում մեծ նշանակություն էր տալիս Հայոց բանակի ամեն մի ստորաբաժանումի ծննդյան օրվան: Նոյեմբերի 5-ը նրա սրտում և կյանքում ևս կարևորագույն տեղ ուներ: Վավերագրում էր ամեն կադրը, անգամ սպասվող զորահանդեսի նախնական փորձերը:

Հետո հիացմունքով մեզ էր պատմում, թե ինչ բարձր ոգի ունի հայ զինվորը, թե ինչպես է նորակոչիկների ամեն մի սերունդը գերազանցում իր նախորդին:

- Հետախույզը բանակի ամենատես աչքն է, ոգին ու ամուր վահանը: Գիտեինք մեծաքանակ ուժը թշնամու: Բայց, ինչ խոսք, մերն էլ գիտեինք: Իսկ թշնամին հաճախ է ստիպված եղել հաշվի նստել մեր հետախույզների կատարած գործողությունների հետ, և վճռվել է մեզ պարտադրած պատերազմների հաղթական ելքը,- ասում էր հայրս:

Հայրիկիս հարուստ արխիվում նաև Հատուկ նշանակության գնդի պատմությունն է, որոնք ամեն անգամ նոր միջոցառումների կադրերով հարստացնելով ՝ անթաքույց հպարտություն էր ապրում, որ մեր պետությունն ու բանակն ավելի են կայանում, որ մեզ այլևս հաղթել չի լինի: Իսկ երբ իշխանության եկած հակահայ ուժերը սկսեցին բացահայտ հարվածել մեր ազգային գոյության հիմքերին , որոնցից մեկն էլ Հայոց բանակն է՝ իր բոլոր ստորաբաժանումներով, շրջանառում էին ակնհայտ հորինված ստեր «թալանված բանակի մասին», հայրս միշտ նյարդայնացած ասում էր.

- Ինչպե՞ս են պատասխան տալու այս կեղծ թեզերի համար: Ինչպե՞ս են ոչնչացնում արժանի զինվորականների ստեղծած հաղթանակը: Եթե այսօր չէ, վաղը պատասխան են տալու: Պատասխան պահանջելու ժամանակը գալու է:

Իսկ այդ արժանի զինվորականների մարտական ուղին անցել էր հայրիկիս աչքի առաջ, ովքեր իրենց կյանքի ուղին սկսել էին որպես նոր կազմավորվող Հայոց բանակի զինվոր (առաջին զինվորական երդումը տեղի է ունեցել 1992 թ-ի մարտի 2-ին. այս կադրերը ևս կարևոր տեղ ունեին նրա համար) և մի շարք երկրների ռազմական ակադեմիաներն ավարտելով՝ դարձել էին բարձրաստիճան զինվորական: Եվ այդ մարդկանց կենսագրությունը ևս վավերացված է հայրիկիս լուսանկարներում:

Այսօր ` նոյեմբերի 5-ին, լրանում է երեք տարին, որ մեր նորագույն պատմությունը վավերագրող հայրս մեզ հետ չէ: Նա կյանքից հեռացավ նոյեմբերի 5-ին՝ այն օրը, երբ Հայոց բանակում նշվում է հայ հետախույզի օրը.

- Ես կռվել եմ իմ ֆոտոխցիկով և կշարունակեմ մեր երկրի ու զինվորի կողքին լինել իմ այս զենքով,-ասում էր:

Այսպես էր հայրիկս մեզ սովորեցնում սիրել մեր Հայրենիքը ու պայքարել մեր իրական արժեքների համար։

Շնորհակալ եմ, որ քո դուստրն եմ, սիրելի հայր։

Քո փոխանցած գաղափարներն սկզբունքները ինձ են լինելու միշտ` իմ կյանքի ու գործունեության բոլոր բնագավառներում:

Մեր պայքարը շարունակվում է...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4587

Մեկնաբանություններ