ՈՒ պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
— Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:
Դանիել Վարուժան
Արևմտահայ գրականության հսկաներից մեկի` Դանիել Վարուժանի «Ձոնը» բոլորիս է ուղեկցում դեռ դպրոցից, որն իր ոգեղենությամբ համեմատելի է Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությանը...
Հայ բանաստեղծները ազգի ծով տառապանքի մեջ էլ չեն դադարել հավատալ ազգի հավերժությանը:
Մեր ազգի պայքարը շարունակվում է: Եվ մեր մեծերի գրականության արժանի ժառանգորդն է մերօրյա պայքարի ու վրեժի երգիչ պոետը` ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
Գրողի միջազգային օրն է այսօր։ Հենց այսօր` մարտի 3-ին է ծնվել մեր ժամանակների ազգային մտավորականն ու պոետը։ Ես նրա պոեզիայում հայ մարդու հոգևոր աշխարհն եմ զգում, նրա անցած ճանապարհը պատմության քառուղիներով, արարումները, ազգային բարոյական նկարագիրը, մաքառումները։
Դեռ մի քանի տարի առաջ բախտ ունեցա նրա հետ զրույց վարելու։ Միշտ ուզում եմ հիշատակել ԽաչիկՄանուկյան -ի այս խոսքերը, որոնք միայն բառեր չեն ...
– Մարդն իր էությամբ մնացել է նույնը. Ջրհեղեղից առաջ և հետո էլ՝ նույն հուզումներն ու զգացողություններն են, նույն որոնումները, չարի և բարու բախումներն են մեր հոգում, մեր շուրջը։ Անկախ ժամանակահատվածից, պստիկ հոգով երերունները չեն կարող մեծ արժեքներ ստեղծել։ Գրողը սեր ու լույս պիտի ավելացնի աշխարհի վրա, մինչդեռ, շատերի սերը հազիվ իրենց վեհերոտ անձին է բավում։
Այս խոսքերը Խաչիկ Մանուկյան-պոետի նկարագիրն են։ Այսպես է ապրում բանաստեղծը։ Եվ, ինչպես բնորոշ է մեծ ու պայծառ հոգիներին , Խաչիկ Մանուկյանը շարունակեց մնալ այդ Լույսի կրողը անգամ որդու` բոլորիս հերոս Վաչագան Մանուկյանի անմահանալուց հետո. մեծ աշխարհընկալումով, փիլիսոփա ստեղծագործող, ով նույնպես պիտի մեր ազգային մտավորականների շարքում լիներ...
Հանուն իր զավակի ու բոլոր անմահացած մեր հերոսների` Խաչիկ Մանուկյան-պոետը շարունակում է պայքարը:
Ինձ համար նրա սփռած լույսը այսօր պայքարի ու վրեժի պատկերն ունի, որով պետք է առաջնորդվենք ու վերահաստատենք մեր ազգի ազնվական գծերը ազգային կյանքում։ Հենց այդպիսին է Խաչիկ Մանուկյանի պոեզիան։
Շնորհավորում եմ Ձեր տարեդարձը, հարգելի պոետ։ Մաղթում եմ երկար տարիների կյանք և առողջություն։
Խոնարհում վասն հայրենյաց անմահացած մեր բոլոր քաջերին, որոնց շարքերում մեր Վաչագան Մանուկյան եղբայրն է` իր խոհափիլիսոփայական աշխարհով ու մեզ թողած իր գաղափարներով։
Հանուն անմահացած հերոսների` մեր պայքարն ավարտված չէ։ Այդ վրիժառու սերունդներին ձևավորելու է նաև Ձեր ոգեղեն պոեզիան, հարգելի պոետ, և Դուք տեսնելու եք վերաազատագրված Արցախը։ ՈՒ մենք հայ ոգու և մեր ազգի իրական տեսակի հաղթանակին չհավատալու իրավունք չունենք...
Որպես վերջաբան` ուզում եմ, որ այսօրվա ընթացքում շարունակ հիշվեն Խաչիկ Մանուկյանի ազգաշունչ պոեզիայից պատառիկներ, որոնցից յուրաքանչյուրը մեզ մղում է պայքարի: Եվ այդ պայքարում հավերժ պիտի ապրի մեր պոետի պաշտելի Արև-Հայրենիքը.
Քո մեջ էր՝ սերը, խինդը, կյանքը,
Հեքիաթը՝ վառվող այս ցնորքի,
Այլևս զուր է համառ ջանքս՝
Փրկվել կարոտի թեժ մորմոքից:
Սուրս պարզել եմ չարյաց զորքին՝
Վամպիր դևերին գլխատելու,
Անասնակալած նախրի հոգին
Իր դահիճներին չի ատելու։
Արդեն հասնում են մահվան խորքին՝
Ջնջելու ողջը՝ ինչ ունեինք,
Բայց դու ելնում ես կրկին ոտքի,
Որդիս՝ Արևս, Սուրբ Հայրենիք:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ