Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Պետք չէ բացառել՝ Միացյալ Նահանգները կարող են շահագրգրված լինել Հորմուզի նեղուցի փակման մեջ

Պետք չէ բացառել՝ Միացյալ Նահանգները կարող են շահագրգրված լինել Հորմուզի նեղուցի փակման մեջ
16.06.2025 | 16:54

Իրավիճակն այնքան պարզ ու գծային չէ, որքան կարող է թվալ:

Այո, Իսրայելը կարող է դիտարկել նեղուցի փակումը որպես հակաիրանական կոալիցիան ընդլայնելու առիթ, հատկապես, Ծոցի նավթ արտահանող երկրների կոնսոլիդացման միջոցով:

Սակայն արդյո՞ք դա կհանգեցնի ԱՄՆ ուղիղ ռազմական միջամտությանը:

Դիտարկենք հարցը ավելի լայն՝ գեոտնտեսական տիրույթում:

ԱՄՆ-ն այսօր աշխարհի առանցքային գազ ու նավթ արդյունահանող երկրներից է:

Ավելին՝ Թրամփի կողմից իրականացվող պրոտեկցիոնիստական էներգետիկ քաղաքականությունը նպաստում է համաշխարհային շուկաներում ամերիկյան ծագման ածխաջրածինների (հիմնականում թերթաքարային նավթ ու հեղուկացված բնական գազ) տեսակարար կշռի շարունակական ավելացմանը:

1973 թ.-ի միջազգային նավթային ճգնաժամից հետո սահմանված՝ ԱՄՆ-ից նավթի արտահանման էմբարգոն չեղարկվեց 2015 թ.-ին, իսկ արդեն 2017 թ.-ին Թրամփը հայտարարեց «the golden age of American energy dominance»- ի մասին՝ դեմփինգի միջոցով ամրապնդվելով մի շարք շուկաներում, նախ և առաջ՝ եվրոպականում:

Այսօր էլ, կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրերից դուրս գալուց հետո, Թրամփը հաջողությամբ ամրապնդում է ամերիկյան «կապույտ վառելիքի» դիրքերը Եվրոպայում, ինչը հատկապես արդիական է Ռուսաստանից իրականացվող մատակարարումներից կախվածության նվազեցման ԵՄ քաղաքականության համատեքստում:

Գանք Հորմուզ:

Նեղուցի պարալիզացումն անխուսափելիորեն կհանգեցնի նավթի միջազգային գների աճի, ինչի առանցքային շահառուներից կարող է հանդես գալ հենց Վաշինգտոնը: Այո, ինչպես գրել էի օրեր առաջ, ԱՄՆ-ն աշխարհի համար մեկ նավթ ներկրող երկիրն է, և կտրուկ գնաճը ռիսկային է առանց այդ էլ խարխլված ամերիկյան տնտեսության համար:

Սակայն Նահանգներն ունեն երկու անվտանգության բարձիկ:

Առաջինը սեփական նավթաարդյունաբերությունն է: Արտաքին շուկաներում ավելի բարձր գնով նավթ վաճառելով՝ Վաշինգտոնը կարող է կոմպենսացնել ներկրվող նավթի համար վճարվող բարձր գինը:

Դա թույլ կտա ԱՄՆ-ին նաև պահպանել դիրքերը համաշխարհային շուկաներում:

1973 թ.-ի առաջին միջազգային նավթային ճգնաժամից առաջ Նահանգներն առավել քան կախված էին Մերձավոր Արևելքից իրականացվող մատակարարումներից: Այսօր այդ կախվածությունը նվազել է:

Երկրորդը նավթի ռազմավարական ռեզերվներն են: Ազգային ռեզերվներից զատ ԱՄՆ-ը կարող է նախաձեռնել Միջազգային էներգետիկ գործակալության ռեզերվից նավթի դուրսթողումը շուկա՝ գնաճը զսպելու նպատակով: Այս մեխանիզմը բավականին արդյունավետ կիրառվեց 1991 թ. Պարսից ծոցի պատերազմի, 2011 թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև 2022 թ. մարտին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո:

Իր հերթին, Հորմուզի փակման դեպքում դադարեցվում է նաև հեղուկացված բնական գազի արտահանումը Քաթարից Եվրոպա: Հեղուկացված գազի ոլորտը դինամիկորեն զարգացնող ԱՄՆ-ի համար սա ևս լավ հնարավորություն է եվրոպական շուկաներում սեփական կշիռն ավելացնելու համար:

Ո՞վ է առավելապես տուժում Հորմուզի փակումից:

Իհարկե, հենց Ծոցի երկրները, հատկապես՝ վերոնշյալ Քաթարը, ինչպես նաև Քուվեյթն ու Բահրեյնը: Մերձավոր Արևելքի նավթ արտահանող մնացած երկրներն ունեն որոշակի լոգիստիկ այլընտրանքներ. Սաուդյան Արաբիան՝ Կարմիր ծովի տերմինալով, ԱՄԷ-ն՝ Ֆուջեյրայով, Իրաքը՝ թուրքական Ջեյհանով (թեև վերջինիս կախվածությունը Հորմուզից միևնույն է շատ բարձր է):

Նեղուցի փակումը կարող է հարված հասցնել նաև Չինաստանի տնտեսությանը: Հենց այստեղով է Իրանը օրական մոտ 2 մլն բարել նավթ արտահանում Չինաստան (ս.թ. մարտի-ապրիլի դրությամբ): Հետևապես, Հորմուզի պարալիզացումը կարող է բխել նաև ԱՄՆ շահերից՝ Չինաստանի դեմ մղվող առևտրային պատերազմի շրջանակներում:

Մյուս կողմից, նեղուցի փակումը Իրանի համար կարող է գործիք հանդիսանալ Չինաստանից ավելի պրոակտիվ դիրքորորոշում ստանալու համար, ինչը հատկապես կարևոր է Հնկաստանի փաստացի հակաիրանական դիրքավորման պայմաններում ռազմավարական բալանսի ապահովման համար:

Փոփոխականները շատ են: Պարտիան՝ չափազանց բարդ:

Սակայն, ի վերջո, նեղուցի փակել-չփակելու հարցը կախված է այն բանից, թե որքան կսեղմվի օղակը Իրանի շուրջ:

Էքզիստենցիալ պայքարի ժամանակ տնտեսական հաշվարկը դառնում է երկրորդական: Պետք չէ մոռանալ Իրանի ռազմավարական մշակույթի մասին, որի գնահատումը պրագմատիկ-կոմերցիոն դիրքերից միշտ չէ, որ թույլ է տալիս օբյեկտիվ պատկեր է ստանալ:

Միաժամանակ, դա քաղաքական կամքի հարց է: Չմոռանանք, որ 1956 թ. Արևմուտքի ու Իսրայելի հսկայական ճնշումների ենթարկվող Եգիպտոսի առաջնորդ Նասերը, այնուամենայնիվ, ազգայնացրեց համաշխարհային տնտեսության համար շատ ավելի մեծ նշանակություն ունեցող Սուեզի ջրանցքը, որը փակ մնաց շուրջ հինգ ամիս:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ