Երեկ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի մասին կարևոր հայտարարություններ են հնչեցրել ԱՄՆ ու Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Իլհամ Ալիևը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է համարում: Այս մասին նա հայտարարել է ամերիկացի սենատորների հետ ճաշի ժամանակ:
Թվարկելով իր նախագահության օրոք արտաքին դիվանագիտական հաջողությունները՝ Թրամփը դրանց շարքում շատ հպանցիկ նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին է անդրադարձել:
«Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և [խաղաղության համաձայնագիրը] բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացած», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, ադրբեջանական կողմը նման առաջարկ արել է Աբու Դաբիում, երեկ հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Բայց փաստաթղթի նախաստորագրումը դեռ չի նշանակում ստորագրում, մի բան է բանավոր արտահայտված համաձայնությունը, մեկ այլ բան՝ փաստաթղթի բոլոր էջերի նախաստորագրումը: Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Ալիևը՝ կրկնելով Բաքվի նախապայմանները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
Թեև Թրամփի և Ալիևի հայտարարություններն արտահայտում են խաղաղության պայմանագրի վերաբերյալ դրական զարգացումներ, դրանք ներդաշնակ չեն։
Թրամփն այն ներկայացնում է որպես գրեթե կատարված փաստ՝ քարոզչական, ներքաղաքական համատեքստում արձանագրելով իր վարչակազմի հաջողությունները, մինչդեռ Ալիևը շարունակում է պայմանավորել դրա իրականացումն իր քաղաքական պահանջներով։
Այս համատեքստում անորոշությունը զգալի մեծ է՝ ստվերում թողնելով թույլ լավատեսությունը:
Թրամփի լավատեսության հիմքում, թերևս, Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության վերաբերյալ ամերիկյան առաջարկությունն է, որի վերաբերյալ, սակայն շատ կտրուկ դիրքորոշում ունի Ադրբեջանի նախագահը
«Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չպետք է լինի արտաքին վերահսկողություն։ Անհրաժեշտ է անարգել մուտք՝ Ադրբեջանի մի մասից մյուսը։ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ»,- երեկ Ստեփանակերտում հայտարարել է
Իլհամ Ալիևը:
Ըստ այդմ, ձևավորվում է մի վտանգավոր համատեքստ:
Վաշինգտոնը, Բաքուն և Անկարան Երևանին հակում են հերթական զիջման, այս անգամ՝ Սյունիքի ճանապարհի մասով:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը պետք է համաձայնի այն բանի հետ, որ Հայաստանի մի հատվածը «վիճելի տարածք» է՝ դրա դիմաց ստանալով ոչ թե Հայաստանի շրջափակման վերացում կամ երաշխավորված խաղաղություն, այլ ընդամենը խաղության պայմանագրի նախաստորագրում:
Նախաստորագրումը իրավական պարտավորություն չի ծնում։ Այն առավելապես ունենում է քաղաքական բնույթ և կարող է դրվել հետագա ստորագրման հիմքում։
Զարգացումների նման ընթացքը ձեռնտու է Փաշինյանին, բայց ոչ Հայաստանին:
Անգամ նախաստորագրված պայմանագիրը Փաշինյանը հաղթաթուղթ է դարձնելու 2026-ի ընտրություններում՝ մանիպուլացնելով հասարակությանը:
Այս ճանապարհը Հայաստանին խաղաղություն չի բերելու՝ մեր երկիրը դնելով պերմամենտ զիջումների ռեժիմում:
Եթե պայմանագրի նախաստորագրման համար Հայաստանը համաձայնում է միջանցքային տրամաբանության Սյունիքի ճանապարհի հարցով, մնում է ենթադրել, թե Ալիևը՝ պայմանագիրը ստորագրելու դիմաց, ի՞նչ զիջումներ է պարտադրելու Փաշինյանին՝ 2026-ին նրա իշխանության հնարավոր վերարտադրությունից հետո:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ