Ազգային ու հանրային մեր ներկան իր բնույթով առավելապես տրագիկոմիկական է,- ողբերգությունն ու ծաղրակատակերգականն էնպես են միախառնվել իրար, որ դրանք զատելը հաճախ անհնար ու անիմաստ է դառնում:
Իրականության թողած ծանր ու չարագուշակ նստվածքից ողբում են շատերը - հրապարակավ, թե նեղ միջավայրում, իսկ ահա երգիծում ու ծաղրում են քչերը, ինչու՞. որովհետև երգիծելու համար հատուկ շնորհք ու որոշ քաջություն է պետք, իսկ ահա ողբալ կարող են գրեթե բոլորը՝ ապաշնորհներով ու վախկոտներով հանդերձ:
Մեր օրերում կարելի է ծաղրել ու ծաղրել անընդհատ, դրա համար բավական է թեկուզ թռուցիկ հետևել քաղաքական-հանրային միջավայրի անցուդարձին. էստեղ կան մեկը մյուսից սուր բազում ծաղրակատակերգական երեւույթներ ու «հերոսներ»: Երգիծանքի ու քննադատական ժանրի համար ուղղակի հրաշալի ժամանակներ են, բայց ժանրը, ցավոք, չի ծաղկում և ակնկալվածի պես նպաստում իրավիճակի բարվոքացմանն ու առողջացմանը:
Եթե, ասենք, Պարոնյանը, Օտյանն ու Լեռ Կամսարը «գործուղվեին» մեր ժամանակներ, քիթ սրբելու վայրկյաններ չէին ունենա, գրելով կծաղրեին անգամ երրոդ կարգի զավեշտալի զոմբիներին,- և շատերը կսթափվեին նրանց ծանրակշիռ երգիծանքից:
Հիմա նկատելի են առանձին հեղինակների գովելի ջանքերը, ովքեր տեղին ու արդարացիորեն ծաղրում են ազգամերժ, ձախողակ, վնասակար ու տգետ արկածախնդիրներին, բայց էդ շնորհալի անհատները երգիծական երգչախումբ չեն կազմում: Նրանց խոսքից, կարծես թե, չեն ազդվում ցանկալի չափով:
Իսկ խորը անցյալում ավելի լավ էին գիտակցում և գործածում էդ ժանրի առավելություններն ու ուժը: Օրինակ, հույն անտիկ պոետ-երգիծաբան Արքիլոքոսի (մ.թ.ա. 7-րդ դար) ծաղրական ոտանավորներից նույնիսկ մարդիկ էին ինքնասպան լինում: Նրա երգիծական յամբերը (բանաստեղծության տեսակ) զորավոր էին, խայթիչ, դիպուկ և կենսահեն: Փորձենք երևակայել, թե ինչ կգրեր Արքիլոքոսը՝ հայտնվելով մերօրյա Հայաստանում, թեկուզ հպանցիկ ճանաչելով գլխավոր ու երկրորդական «հերոսներին», քաղաքական կատաղի, քստմնելի ու ծիծաղելի պայքարին, ծանոթանալով լրահոսին և ֆեյսբուքյան ասեկոսեին: Կարծում եմ՝ կգրեր, նախ, էսպիսի կարճ յամբ-երկտողեր:
ՄԵՐՕՐՅԱ ՅԱՄԲԵՐ
…
Խոսքը՝ հայերեն, միտքը՝ թուրքերեն,
իսկ ներսը՝ թունոտ, ինչքան էլ քերեն:
…
Արցախավաճառ, հայրենավաճառ,-
ի վերջո, հիմնեց դավության կաճառ:
…
Խաչից սարսում է, բայց խաչագող է,
երկիր կթռցնի, թե հանկարծ թողեն:
…
Թշնամու առաջ հաջի է անքեն,
իսկ ազգի հանդեպ՝ իսկական Կայեն:
…
Խելառ փախչում է Մասիսի շողքից,
և ուրիշ մի սար չեղավ կարեկից:
…
Չարքը մտմտաց՝ խուժել մայր տաճար,
ու դարձավ Աստծո վրեժի պատճառ:
…
Հային ատում է և թուրքին քծնում,
ֆրանկին գրկում է, ռուսին՝ խոնարհվում:
…
Աղաղակում է սուտ, երկնահեց,
ուզում է խլել «Տաշիր» ու ՀԷՑ:
…
Նստած՝ կարդում եմ «Բովտունը»,
իսկ շուրջդ ղժժում է բալտունը:
…
Շնագայլի պես ոռնում են բարակ,
գող աղվեսի պես կկորչեն վայրագ:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ