Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

«Բարսելոն» ընտանիքի կնքահայրը, կամ սրանից հետո եկ ու հավատա

«Բարսելոն» ընտանիքի կնքահայրը,  կամ սրանից հետո եկ ու հավատա
08.05.2012 | 00:00

Իսպանիայի ներքին առաջնության շրջանակներում կայացած «Բարսելոն»-«Էսպանյոլ» ֆուտբոլային հանդիպմանը թերևս հարկ էլ չլիներ անդրադառնալու (այստեղ դեռևս անցյալ տուրում է հայտնի դարձել մրցանակային եռյակը), եթե չլիներ երկու հանգամանք.

ա) թիմից հեռանալու մասին հայտարարությունից հետո սա Գվարդիոլայի ղեկավարությամբ «Բարսելոնի» վերջին հանդիպումն էր հարազատ «Կամպ Նոուում».

բ) Լիոնել Մեսին կավելացնե՞ր մեկ մրցաշրջանի ընթացքում բոլոր ռեկորդները գահընկեց արած գոլերի քանակն ու դուրս կգա՞ր նոր բնագիծ, թե՞ կբավարարվեր արդեն իսկ եղածով` սպասելով իր հիմնական մրցակցի արձագանքին:

Պիտի ասել, որ «Կամպ Նոուն» ամեն ինչ արեց Գվարդիոլայի հետ վերջին հանդիպումն իսկական տոնի վերածելու համար` ապշեցնելով մարդկային պատկերացումների սահմաններն անհուսորեն անվերջանալիություն տանող իր կարողությամբ ու երևակայությամբ: Ֆուտբոլասերները մարզադաշտ էին եկել Մեծ մարզչին ուղղված գնահատականի ջերմ խոսքերի, անմնացորդ սիրո ու հարգանքի խոստովանության անթիվ-անհամար պաստառներով, իսկ ամենատպավորիչը, անշուշտ, կենտրոնական տրիբունան գերազանց մասով ծածկած հսկա պաստառն էր Գվարդիոլայի պատկերով, որն անակնկալի բերեց անգամ նրան:

Սակայն «Կամպ Նոուն» «Կամպ Նոու» չէր լինի, եթե բավարարվեր այսքանով: Այն իրեն բազմիցս զարմացրած ու հիացրած մարզչի հրաժեշտի խոսքը կանխեց նրա անցած մարզչական ուղուն նվիրված տեսապատկերներով, նրան ձոնված երգով` ևս մեկ անգամ գնահատելով նրա վաստակը:

Հետո հնչեց Գվարդիոլայի խոսքը:

Այն կատալոներեն էր, ցավոք, առանց թարգմանության, սակայն իր հարուստ ինտոնացիոն շեշտերով, մարզադաշտի կողմից ընդմիջվող արձագանքներով` այնքա՜ն պարզ ու հասկանալի:

Հետո եղավ «Բարսելոն» ֆուտբոլային թիմի ընդվզումը: Տղաներն առաջին անգամ չլսեցին մարզչին ու, կոտրելով դիմադրությունը, Գվարդիոլային առան իրենց գիրկը, որ, որպես երախտիքի արտահայտություն, թռցնեն վեր ու վեր:

Հետո եղավ միասնության բոլորապարը դաշտի կենտրոնում:

Հետո բարսելոնցիների գորգ-միջանցքն էր դաշտից հեռացող մարզչի համար:

Սիրուն էր, անչափ սիրուն:

Եվ այս ամենը մի մարդու համար, ով ո՛չ հոբելյանական տարեթիվ էր տոնում, ո՛չ էլ ակնկալված եզրափակիչով մրցաշրջան է ունեցել: Այսքանից հետո եկ ու հավատա, թե մարդկային երախտագիտությունը կարող է սահմաններ ունենալ:

Ինչ վերաբերում է խաղին, ես չգիտեմ ով ինչ զգացողություն ուներ հանդիպումից առաջ, բայց որ դա պիտի լիներ Լիոնել Մեսիի բացառիկ սիրո ու հարգանքի խոստովանության օր, վայրկյան իսկ կասկած չունեի: Երկրի ներքին առաջնությունում խփած գոլերով արդեն իսկ ֆանտաստիկ բնագծի հասած արգենտինացի հրաշքը հանդիպման ընթացքում դադար չառավ այնքան ժամանակ, մինչև որ դրանց թիվը չհասցրեց հիսունի ու այնժամ միայն իրեն իրավունք վերապահեց մոտենալու իր կյանքում մեծ դեր ունեցած մարդուն` փարվելու ու սրտի խոսքն ասելու համար:

Առաջին անգամ:

Հրապարակավ:

Ի դեպ, սա այն Մեսին է, որ իր զգացմունքները կառավարել չկարողանալու տագնապից մղված, չէր կարողացել գնալ Գվարդիոլայի հրաժեշտի ասուլիսին:

Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ Մեսին «Կամպ Նոուում» մարզչի հրաժեշտի խաղի իր «պոկերը» չէր հղացել հենց այդ մամուլի ասուլիսին գնալ չկարողանալու անզորությունից ու գտավ, որ լավագույն խոստովանությունը խփած գոլերի քանակը բացառիկության աստիճանի հասցնելն է ու այդ ամբողջ հիսունը նրան նվիրելը` մարդու, ով այդպիսի բացառիկ նվերի ամենից մեծ պահանջն ուներ իր կյանքի ամենատխուր խաղին:

Այնպես որ, լինո՛ւմ են, լինո՛ւմ են նման անօրինակ խոստովանություններ։ Լինում է, լինո՛ւմ է նման սեր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ