Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Մեսին` նոր ռեկորդի հեղինակ, Մադրիդի «Ռեալը»` երկրի չեմպիոն

Մեսին` նոր ռեկորդի հեղինակ,  Մադրիդի «Ռեալը»` երկրի չեմպիոն
04.05.2012 | 00:00

Մայիսի 2-ը համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ նշանավորվեց խոշոր իրադարձությամբ: Իսպանիայի ներքին առաջնությունում «Մալագայի» հետ խաղում դառնալով հերթական հեթտրիկի հեղինակ` Լեոնել Մեսին նախ կրկնեց, ապա և գերազանցեց մեկ մրցաշրջանի ընթացքում գերմանացի Գերդ Մյուլլերի (1972-1973 թթ.) խփած գոլերի քանակը` դրանց թիվը հասցնելով 68-ի:

«Բարսելոնի» հարձակողական ոճի կիսապաշտպանին է շարունակում պատկանել նաև մեկ մրցաշրջանի ընթացքում Չեմպիոնների լիգայում խփված գոլերի առավելագույն քանակը` 14, որն արգենտինացի տաղանդավոր ֆուտբոլիստը սահմանել է դարձյալ այս տարի: Ի դեպ, նրան է պատկանում (դարձյալ մեկ խաղաշրջանի ընթացքում) Իսպանիայի ներքին առաջնությունում ամենաշատ խփած գոլերի քանակը` 46: Եթե չմոռանանք, որ աշխարհի վերջին երեք տարիների լավագույն ֆուտբոլիստը մրցաշրջանում հնարավորություն ունի մասնակցելու ևս երեք հանդիպման ու միանգամայն հնարավոր է, որ գրանցի դարպասի նոր գրավում, ապա փոփոխություններ կկրեն նաև 68 և 46 թվերը:

Նույն օրը երկրի առաջնությունում իր չեմպիոնական հավակնություններին իրավաբանական ուժ տվեց Մադրիդի «Ռեալը», որը բասկերի երկրի մայրաքաղաք Բիլբաոյում 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Աթլետիկի» նկատմամբ ու երեսուներկուերորդ անգամ ճանաչվեց Իսպանիայի լավագույն թիմ: Արքայական թիմում աշխատանքի երրորդ տարում Ժոզե Մոուրինյոյին վերջապես հաջողվեց թիմին բերել չեմպիոնական հանգրվան:

Նշենք, որ չափազանց տպավորիչ է նաև ակումբի արդյունավետությունը: Առայսօր խփված 115 գոլը բացարձակ ցուցանիշ է Իսպանիայի առաջնության ողջ պատմության ընթացքում, այսուհետ նոր կողմնորոշիչ: Մեսի-Ռոնալդու հեռակա պայքարին հետևողների համար ասենք, որ պորտուգալացի հարձակվողը «Աթլետիկի» հետ խաղում խփեց առաջնության իր քառասունչորսերորդ գոլը և երկու գնդակով է զիջում իր հզոր մրցակցին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ