Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

ՀԻՍՈՒՍԻ ԽԱՉՈՎ Է, ՈՐ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԱՄԵՆԱԿՈՒԼ ՄԱՀՎԱՆԸ

ՀԻՍՈՒՍԻ ԽԱՉՈՎ Է, ՈՐ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ԱՄԵՆԱԿՈՒԼ ՄԱՀՎԱՆԸ
09.09.2011 | 00:00

Խաչվերացը հինգ տաղավարաց տոներից վերջինն է, որը ժողովուրդը կոչում է Սբխեչ (Սուրբ խաչի տոնի պարզեցված արտահայտությունն է)։
Հայոց ազգի մեծամասնությունն այն հիմնովին կապում է իր ննջեցյալների, այսինքն` անցած-գնացած հոգիների հիշատակման հետ։ Եվ շատ էլ լավ է անում, որ այդպես է վարվում, որովհետև Հիսուսի Խաչով է, որ քրիստոնյաները հաղթեցին ամենակուլ մահվանը, որպես դրա ապացույց Տերն Ինքը խաչելությունից երեք օր հետ հարություն առավ մեռելներից, ի ապացույց համայն աշխարհի, որ Աստված ի զորու է մեռածին կենդանացնելու, քանզի կյանքն ու մահը Արարչի ձեռքում են։
Ննջեցյալներին հիշելը և նրանց հոգիների համար աղոթելը լավ է, բայց նաև օգտակար է, որ մենք այդ տոնակատարության բուն իմաստն իմանանք, որպեսզի առավել խորությամբ ըմբռնենք սուրբ Խաչի խորհուրդը։ Եվ թող ընթերցողը սխալ չհամարի, որ Տիրոջ Խաչը մեծատառով է գրվում, որովհետև մեր փրկությունը Հիսուսի Խաչով է կայացել, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Նա (Հիսուսը) ներեց մեզ մեր բոլոր հանցանքները և ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացրեց այն մեջտեղից և մեխեց Խաչափայտին (Ա Կորնթ. 1.5)։ «Կորստյան մատնվածների համար Խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Կողոս. 2.17):
Իսկ հիմա, երբ ծանոթանանք տոնի պատմական ակունքներին, այդժամ կհասկանանք, թե ինչու է այն Խաչվերաց կոչվում։

ՏՈՒՆԴԱՐՁՆ ԷՐԶՐՈՒՄԻ ՄԻՋՈՎ ԷՐ
614 թվականին պարսիկները գրավում են Երուսաղեմ քաղաքը և բարբարոսաբար կողոպտում թանկարժեք իրերը, սուրբ մասունքները, այդ թվում և` որպես անարգանք քրիստոնյա աշխարհին, իրենց հետ գերության են տանում Քրիստոսի Խաչափայտը՝ Զաքարիա պատրիարքի հետ։ Մահմեդականների արարքը խոցի նման ցավ է պատճառում քրիստոնեական աշխարհին, բայց զորավոր պարսիկների դեմ ոչ ոք չէր համարձակվում պատերազմի ելնել, մինչև որ 14 տարի անց՝ 628 թվին, Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակի գլուխն անցած, հարձակվում է պարսիկների վրա, պարտության մատնում նրանց և ազատագրում սուրբ Խաչն ու տուն վերադարձնում Զաքարիա պատրիարքի ուղեկցությամբ։ Վերջինս մեկ տարի անց վախճանվում է։
Որպես պատմական փաստ նշենք, որ այդ բանակի հետ կռվում էին նաև հայ քաջորդիները՝ նախարար Մժեժ Գնունու հրամանատարությամբ։ Խաչը տուն էր վերադարձվում Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր նաև պատմական Հայաստանի միջով, իսկ ավելի ճշգրիտ՝ Կարինի, այսինքն` Էրզրում քաղաքի միջով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում այդ պատվին կառուցվեց Խաչավանքի եկեղեցին, որովհետև այնտեղ Խաչի դրված տեղում վճիտ աղբյուր է բխում, և այդ տեղն իր ժամանակին մեծ ուխտավայր էր դարձել։
Հետո այն բերվեց Կոստանդնուպոլիս, որտեղ առժամանակ մնալուց հետո, Հերակլ կայսրն անձամբ իր ուսի վրա վերցնելով Խաչը տարավ Երուսաղեմ և զետեղեց Գողգոթայի վրա։ Այդ պատճառով էլ այս տոնը կոչվեց Խաչվերաց, այսինքն՝ սուրբ Խաչի վերադարձը ու բարձրացումը իր նախկին տեղը։
ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՍՈՎ ՊԻՏԻ ԳԱՆ ՈՒ ԽԱՌՆՎԵՆ ՈՂՋԵՐԻՆ
Մեր ժողովուրդը այդ օրը նշում է իր հին ու նոր ննջեցյալների հիշատակի տոնը, որպես թաքուն հավատք այն բանի, որ ըստ Սուրբ գրքի, Տիրոջ սուրբ Խաչի երևալու ժամանակ, իրենց ննջեցյալները Քրիստոսով պիտի գան ու խառնվեն ողջերին, որպեսզի դառնան մեկ հոտ, մեկ հովիվ (Ա.Թես. 4.13): Այդ պատճառով սուրբ Խաչի տոնը նշելու հաջորդ օրը, որ կոչվում է «Մեռելոց հիշատակի օր», մարդիկ գնում են գերեզմանատներ, խնկարկում, աղոթում կամ օրհնել են տալիս իրենց հարազատ ննջեցյալների շիրիմները:
«ԵԹԵ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՈՒ ԽԱՉԱԿԻՐՆԵՐԻՆ ՉԱՆՋԱՏԵԻՆ ԻՐԱՐԻՑ, ՉԷԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ ՆՐԱՆՑ»
Խաչվերացի վերաբերյալ Կիլիկյան Հայաստանում մի այսպիսի պատմական հուշ է մնացել։ Թորոս մեծ իշխանի մահից հետո սելջուկ թուրքերը` մի կողմից, խաչակիրների թափթփուկները` մյուս կողմից (թափթփուկ մականվանեցի այդ զորքին, որովհետև իսկական ասպետ խաչակիրները նման բան չէին անի), հարձակվեցին Կիլիկիայի վրա։ Մինչդեռ ամբողջ արևելքում միայն Կիլիկիայի հայերը զորավիգ և օգնական եղան խաչակիրներին, որպեսզի ջլատված ուժերը վերականգնելով համախմբվեն ու կարողանան Երուսաղեմը գրավել։
Թշնամու զորաբանակները մի քանի գյուղեր ավերելուց ու թալանելուց ավելին չկարողացան անել, քանզի հայերն ուժգին հակահարված հասցրին։ Թշնամին տեսնելով, որ առանձին-առանձին չի կարողանում կոտրել հայերի դիմադրությունը, որոշեց միաբանվել ու սեպտեմբերի 13-ին մեկտեղ հարձակվել։ Լսելով այդ մասին` Թորոս իշխանի հետնորդը` Լևոնը, որոշում է ռազմական խորամանկություն բանեցնել. նա իր մոտ է կանչում մի քանի ծանոթ խաչակիրների և նրանց մեծ գումարներ տալով` ասում, որ գնան ու իրենց բանակում տարածեն լուրեր. «Քրիստոնյա Աստվածապաշտ զինվորներ, մեր դքսերն ու մարքիզները հրամայում են, որ հայերի վրա հարձակվենք սեպտեմբերի 13-ին։ Դա քրիստոնեավայել բան չէ, քանի որ դրա հաջորդ օրը` 14-ին, Խաչվերացի տոնն է, ու բանից դուրս է գալիս, որ մենք անհավատ թուրքերի հետ պետք է այդ տոնի նախօրեին դուրս գանք կռվելու քրիստոնյա հայերի դեմ։ Այդ մեր չար արարքի համար Աստված մեր հոգիները դժոխք կուղարկի։ Ավելի լավ է մենք չմասնակցենք այդ պատերազմին»։
Այդ լուրի շնորհիվ Աստված քրիստոնյաների սիրտը հետ դարձրեց պատերազմելու ցանկությունից, և խաչակիրները հրաժարվեցին միաբանվել թուրքերի հետ։ Արդյունքը եղավ այն, որ Լևոնն իր ունեցած զորքով կարողացավ ջախջախել թուրքերին և երկրից վանեց թշնամու զորաբանակները Խաչի ամենահաղթ զորությամբ։
ՈՒ իր իշխանության մատենագրության մեջ նա գրել տվեց. «Եթե թուրքերին ու խաչակիրներին չանջատեին իրարից, չէի կարող հաղթել նրանց»։
Ահա այս պատմական դրվագը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Խաչվերացը մեծ ու հիշատակելի տոն է, և հարկ է, որ յուրաքանչյուր հայորդի քրիստոնյա մասնակցի այդ տոնի սուրբ Պատարագին, մեղա գա ու մաքրվի իր մեղքերից Խաչի վրա թափված Հիսուսի սուրբ Արյան քավչարար զորությամբ և սուրբ Հաղորդությամբ անմահացնի իր հոգին, քանզի կգա օրը (որը միայն Աստված գիտի), երբ մենք էլ ննջեցյալների շարքը կդասվենք, այդ պատճառով հարկ է, որ հոգեպես պատրաստ լինենք այդ հաշվետու օրվան, երբ յուրաքանչյուրս պետք է հաշիվ տանք Արարիչ Աստծուն մեր բոլոր արարքների համար, որպեսզի Նրանից էլ ստանանք մեր վարձքը թե՛ չարի, թե՛ բարու համար։
Աստված օգնական լինի բոլորիս անդատապարտ կանգնելու երկնային Դատավորի առջև. ամեն։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Քանի որ այս հրապարակման բուն էությունը Խաչի մասին է, լավ է, որ լրացուցիչ գիտություն ունենանք սուրբ Խաչի փրկարար էության վերաբերյալ ևս, եկեղեցու սուրբ հայրերի մեկնաբանությամբ.

ՀԱՐՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ
ՀԱՐՑ -Երևալո՞ւ է Խաչն աշխարհի վախճանից առաջ։
ՊԱՏԱՍԽԱՆ -Այո՛, ճշմարտությունը հաստատում է` ասելով. «Կերևա Մարդու Որդու Նշանը երկնքում»։ Եվ ոչ միայն Խաչը, այլև չարչարանքների ամեն գործիք, այսինքն` գամերը, գեղարդը և այլն, որոնք բերեցին դատավորի առաջ, և Նրա մարմնին երևացին Նրա խոցվածքների սպիները՝ ըստ Զաքարիայի. «Նայեցին Նրան, ում խոցեցին»։ Եվ այս երկու պատճառով։ Նախ՝ հավատացյալների պարծանքի համար, որ բերկրեն, ուրախանան Խաչին երկրպագելով։ Եվ երկրորդ՝ որ կործանվեն ուրացողները և խաչողները։
ՀԱՐՑ -Ո՞ր օրը կերևա Խաչը։
ՊԱՏԱՍԽԱՆ -Ոմանք ասում են, թե ուրբաթ, այն օրը, որ Քրիստոս խաչվեց, իսկ ոմանք՝ կիրակի։ Քանզի, ինչպես արեգակն է ելնում արևելքից, լուսեղեն ամպերի վրա, և քառաձև լույսով աշխարհի չորս կողմը լցնում և հաստատվում է Գողգոթայի վրա, որտեղ խաչվեց Տերը։ Որից հետո կհնչեն փողերը և մեռելները հարություն կառնեն։

ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՊԱՀՊԱՆԻՉ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Տիրոջ Խաչը մեզ համար փրկության գործիք դարձավ անցյալում, իսկ ներկայում պահպանիչ զորություն, ինչի մասին են վկայում եկեղեցու սուրբ հայրերը, որոնք Տիրոջ հաղթական Խաչով պատերազմելով հաղթեցին սատանային։

ԱՆՏՈՆ ՄԵԾ. «Խաչով են կատարվում և նրանով են սրբագործվում բոլոր խորհուրդները»։

ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ. «Այսուհետև ամոթ մի՛ համարեք Քրիստոսի Խաչը, այլ թեպետև մեկը թաքցնի, դու հայտնապես ճակատիդ դիր Խաչի նշանը, որովհետև դևերը արքայական այդ նշանը տեսնելով՝ սարսռում ու դողում են և փախստական դառնում։ Բայց դու առ նշանը ամենայն ժամանակ, երբ ուտում ես, խմում ես և բոլոր նպատակներով, թե՛ նստես, թե՛ կանգնես, թե՛ քայլես, թե՛ անկողին մտնես»։

ԿՅՈՒՐԵՂ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՑԻ. «Երկրպագի՛ր Տիրոջ Խաչի նշանին, որովհետև Խաչը Քրիստոսի հաղթության նշանն է՝ սատանայի ու նրա կամակատար դևերի և նրանց չար զորության դեմ, այդ պատճառով նրանք սարսափում և փախչում են Խաչից, երբ այն պատկերված են տեսնում».

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ. «Խաչը ոչ թե նյութով ունի նշանակություն, այլ իր սրբագործող հոգևոր զորությամբ՝ ըստ նախատիպի»։

ՏԵՐՏՈՒՂԻԱՆՈՍ. «Ամեն ընթացքի՝ մուտքի և ելքի, հանվելիս, ուտելիս, մոմ վառելիս, քնի պատրաստվելիս ու տարբեր զբաղմունքներից առաջ մեր դեմքերին Խաչի նշանը պատկերելով՝ միշտ պաշտպանվել ենք չարի հնարքներից»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՍԿԵԲԵՐԱՆ.
«Ոչ միայն մատներով պետք է Խաչի նշանը պատկերել դեմքին, այլև դրան պետք է նախորդեն սրտի հակվածությունն ու լի հավատը: Եթե այդպես խաչակնքվես, ապա պիղծ հոգիներից և ոչ մեկը չի կարող մոտենալ քեզ, տեսնելով այն սուրը, որով նրանք խոցվել են, տեսնելով այն զենքը, որով նրանք մահացու վերք են ստացել:
Չէ՞ որ, եթե մենք ահ ու դողով ենք դիտում այն տեղերը, որտեղ չարագործներին են մահապատժի ենթարկում, ուրեմն պատկերացրու, թե ինչպես են սարսափում դևերը, տեսնելով այն զենքը, որով Քրիստոսը ոչնչացրեց նրանց ողջ զորությունը և կտրեց սատանայի գլուխը»։

«Շատերը չկարողացան հասկանալ, որ Խաչը տիեզերքի իրական ու անճանաչելի հիմքն է, որ այն Արարչի կնիքն է Իր ստեղծածների վրա»։

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ.
«Վերցրու ինձանից, աղաչում եմ Քեզ, Լուսավոր Խաչովդ՝ խեղդը հանցանքիս»։
«Կենաց Խաչիդ հաղթական սրով կտրատի՛ր բոլոր ցանցերը մարմնիս, որոնք ամենուր պաշարել են ինձ՝ մահու գերյալիս»։

Դիտվել է՝ 3150

Մեկնաբանություններ