Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Կոչ ենք անում վերականգնել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողների՝ Ազգային ժողովում աշխատելու իրավունքը

Կոչ ենք անում վերականգնել  «Ժողովուրդ»  օրաթերթի լրագրողների՝ Ազգային ժողովում աշխատելու իրավունքը
25.12.2025 | 20:12

. Սույն թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովում (ԱԺ) իրենց մասնագիտական աշխատանքը կատարող «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Սոնա Գրիգորյանը և Քնարիկ Մանուկյանը մոտեցել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և հարց ուղղել նրա առանձնատան ձեռքբերման աղմկահարույց դրվագի վերաբերյալ, որը նա ձեռք է բերել շուկայականից էժան գնով, ինչը բացահայտվել է Hetq.am-ի մեր գործընկերների կողմից:

Կոնջորյանը պարզաբանումներ ներկայացնելու փոխարեն՝ անմիջապես դիմումներ է ուղարկել ԱԺ աշխատակազմի ղեկավար, իշխող ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Առաքելյանին՝ պահանջելով անցանկալի հարց հնչեցնող լրագրողներին զրկել հավատարմագրումից և արգելել նրանց մուտքն Ազգային ժողով՝ պատճառաբանելով, թե իր հետ նախապես պայմանավորվածություն չի եղել հարցազրույցի մասին, և իբրև թե լրագրողները սահմանված վայրում չեն գտնվել: Մինչդեռ, ինչպես լրագրողներն են պնդում, Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) աշխատակիցներն ասել են՝ հատվածը, ուր գտնվել են իրենք, թույլատրելի է:

Արդյունքում՝ 2025թ. դեկտեմբերի 17-ին լրագրող Սոնա Գրիգորյանին Դավիթ Առաքելյանի կողմից տրվել է նախազգուշացում՝ առանց լրագրողից բացատրություն լսելու, ապա 2 օր անց Սոնա Գրիգորյանն ապօրինաբար զրկվել է հավատարմագրումից և 1 տարի չի կարող մտնել ԱԺ շենք՝ իբրև լրագրող, և դարձյալ երկրորդ կողմի խոսքը չի լսել Դավիթ Առաքելյանը:

Լրագրող Քնարիկ Մանուկյանի դեպքում թույլ է տրվել կրկնակի խախտում․ դեկտեմբերի 18-ին հայտարարվել է նախազգուշացում Կոնջորյանին մոտենալու համար՝ առանց բացատրություն լսելու, իսկ դեկտեմբերի 19-ին՝ հավատարմագրումից զրկվել է նույն արարքի համար։ Քնարիկ Մանուկյանը ևս 1 տարի ապօրինաբար զրկված է ԱԺ մտնելու իրավունքից և խախտված է նրա լսված լինելու իրավունքը:

Հիշեցնենք, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը դեռ տարիներ առաջ՝ 2021թ. խորհրդարանական ընտրություններից հետո՝ օգոստոս ամսին, գոտիավորեց ԱԺ տարածքը՝ սահմանափակելով լրագրողների ազատ տեղաշարժն ու աշխատանքի համար խնդիրներ ստեղծելով: Դա այդ ժամանակ արժանացավ Մարդու իրավունքների այդ ժամանակվա պաշտպանի կոշտ հակազդեցությանն ու խստիվ դատապարտմանը: Հենց «կարգավորումներն» են այժմ իշխանությունները որպես մահակ օգտագործում լրագրողների դեմ:

Նկատենք նաև, որ նույն կերպ, տառացիորեն նույն սցենարով՝ երկու անգամ իրար հետևից նկատողություն տալով, ԱԺ հավատարմագրումից զրկվեց լրագրող Վահե Մակարյանը և հիմա իր խախտված իրավունքները փորձում է վերականգնել դատական կարգով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ԱԺ հավատարմագրումներից զրկելու, լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելու, երկրի գլխավոր օրենսդիր մարմնում աշխատելու հնարավորությունից օգտվելու անհնարինության՝ ՀՀ իշխանությունների գործելակերպը:

Լրագրողը չպետք է զրկված լինի իր լրագրողական գործունեությունն իրացնելու հնարավորությունից լոկ այն պատճառով, որ նրա տված հարցը դուր չի եկել պատգամավորին, անգամ, եթե այդ պատգամավորն իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է:

Հայաստանի ժուռնալիստների միությունն ԱԺ պատասխանատու, որոշումներ կայացնելու իրավազորություն ունեցող անձանց կոչ է անում վերադառնալ կառուցողական դաշտ, վերականգնել լրագրողներ Քնար Մանուկյանի ու Սոնա Գրիգորյանի՝ ԱԺ տարածքում աշխատելու իրավունքը, արհեստական խոչընդոտներ չստեղծել լրագրողների համար իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

25.12.2025թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է՝ 131

Մեկնաբանություններ