Ապրելու կամքը կորցրած և գոյաբանական խնդիրների բավիղներում մոլորված մեր մարդիկ մտածե՞լ են արդյոք այն մասին, թե մեզնից հազարապատիկ հզոր ու անչափելի մեծ քաղաքակրթական արժեքի տեր Եվրոպան ինչու՞ չի ուզում դուրս գալ ԱՄՆ-ի հովանավորությունից։
Զարմանալի չէ՞, արդյոք, նաև այն հանգամանքը, որ այդ բանը չի ցանկանում Եվրոպան, որն ունի ԱՄՆ-ի տնտեսությանը համարժեք հզոր տնտեսական պոտենցիալ և նրանից մեկուկես անգամ ավել բնակչություն։
Եվրոպացիների առաջնորդների կողմից այս երևույթի բացատրությունը, ըստ որի, շատ մեծ է այն բանի ռիսկը, որ Ռուսաստանը իրենց վրա կհարձակվի, լիովին հնարովի է, քանի որ և, առաջին հերթին, ԱՄՆ-ը և իրենք ավելի քան համոզված են, որ նման բան չկա։
Այսինքն, ԵՄ-ը, լինելով այդքան հզոր, պատրաստ է վերջին 70+ տարիների նման շարունակել իր ինքնիշխանության մի մասը փոխանակել ԱՄՆ-ի կողմից ստացվող անվտանգության հետ։
Եվ սա տարօրինակ չի՞ հնչում մեր «ազատասեր» ականջի համար, որը, չունենալով որևէ տեսակի մրցակցության համար անհրաժեշտ հզորություն և թնդանոթի արկի հասանելիությունից ավելի փոքր ստրատեգիական խորություն ու, բացի դրանից, ունենալով հայտնի ու անհայտ զորեղ թշնամիներ, համոզված է, որ մենք քաջ ենք ու բոլոր հնարավորություններն ունենք մեզ պաշտպանելու համար։
Թե՞ եթե նույնիսկ լուրջ գոյաբանական ռիսկեր չլինեն էլ, մենք դա կհնարենք ու թիթեռի նման թևներս կրակին կտանք։
Ինքնաոչնչացման հատուկ տաղանդ պետք է ունենալ ամեն անգամ հերթական թոհուբոհի ամենախիտ տեղը գլխապատառ խցկվելու համար։
Խելագար ձևով պատիժ փնտրողի համար են ասել՝ «Ով փնտրում է, նա գտնում է»։
Փոքր ռիսկն անգամ լուրջ մարդկանց ստիպում է փնտրել որակապես նոր լուծումներ, դրանից խուսափելու համար, իսկ մեր գոյաբանական ռիսկը շատ մեծ է այն առեղծվածային ձևով անտեսելու համար։
Պավել Բարսեղյան