Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը

Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը
23.07.2026 | 11:30

Մենք հաճախ քննչական և իրավապահ մարմինների գործունեությանը անդրադառնում ենք միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերին կամ երբ այդ կառույցները վերածվում են իշխանության քաղաքական հաշվեհարդարի գործիքների։

Սակայն այդ աղմկոտ գործերի ստվերում մնում են հազարավոր շարքային քաղաքացիների ճակատագրերը։ Մարդիկ, որոնք որևէ քաղաքական ազդեցություն չունեն, սակայն ամեն օր բախվում են իրավապահ համակարգի անգործությանը, անպատասխանատվությանը և իրավական կամայականությանը։ Հենց նրանք են Հայաստանում ձևավորված իրավական «բեսպրեդելի» իրական զոհերը։

Դրա բնորոշ օրինակներից մեկն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա. Մարուքյանի վարույթում գտնվող գործերից մեկն է։ Այդ գործով քննության բնականոն ընթացքը ոչ միայն խաթարվել է, այլև տուժողը շարունակում է կրել ֆինանսական կորուստներ, որոնք հնարավոր էր կանխել, եթե քննիչը և նրա գործունեության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը պատշաճ կերպով կատարեին իրենց մասնագիտական պարտականությունները։

Խնդիրը միայն մեկ գործը կամ մեկ քննիչը չեն։ Խնդիրն այն համակարգն է, որտեղ անգործությունը հաճախ մնում է անպատիժ, իսկ դրա հետևանքները կրում են քաղաքացիները՝ կորցնելով իրենց ժամանակը, միջոցները և, ամենակարևորը, վստահությունը պետության ու արդարադատության նկատմամբ։

Առաջիկայում պարբերաբար կանդրադառնամ այս գործի մանրամասներին։ Նպատակս ցույց տալն է, թե ինչպես են իրավապահ և քննչական մարմինների անգործությունն ու անպատասխանատվությունը վերածվում շարքային մարդկանց իրավունքների խախտման, ֆինանսական վնասների և սոցիալական անարդարության։

Հանրային վերահսկողությունն առողջ պետության կարևորագույն երաշխիքներից է։ Եթե իրավապահ համակարգը չի ցանկանում կամ չի կարող ինքնամաքրվել, ապա հասարակությունն իրավունք ունի պահանջելու հաշվետվողականություն։ Քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ իրենց խնդիրները չեն մնա լռության և անտարբերության պատնեշի հետևում։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 14920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ