ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Կարոտն ինձ չէր տանջում, մենք ընկերացել էինք

Կարոտն ինձ չէր տանջում, մենք ընկերացել էինք
30.07.2025 | 16:02

Ինձ թվում էր, թե ես Երևանը չեմ կարոտում։ Արդեն հինգ-վեց տարի թափառում էի աշխարհով մեկ, ու մորմոքուն կարոտն ինձ չէր տանջում։

Միայն, երբ Փարիզում երեկոյան տաքսիով ինչ-որ տեղ էի գնում, մեկ էլ, հանկարծ, ինձ թվում էր, թե Բաղրամյանով մոտենում եմ Օպերային ու հիմա Պրոսպեկտ եմ թեքվելու, ու դա էնքան իրական էր, որ քիչ էր մնում վարորդին հայերեն ասեի՝ Թումանյանն անցնես, կպահես։ Երբ ապրիլին Վաշինգտոնի 15-րդ փողոցում ծառերը ծաղկում էին, ինձ թվում էր, թե Դեմիրճյան փողոցով գնում եմ ընկերոջս տուն, ու քիչ էր մնում՝ զանգեի, տեսնեի տանն ա, թե չէ։ Երբ Լոնդոնում անձրև էր սկսվում, մտածում էի, որ հիմա Շիրակի կողմերը երևի կարկուտ ա գալիս։ Բուդապեշտի սրճարանում նստած աչքերս փակում էի ու հայտնվում Կազիրյոկում․ սուրճը մի քիչ ուրիշ էր, բայց դա չէր խանգարում։ Հին Արբատով քայլելիս թվում էր, թե Աբովյան փողոցում եմ ու հիմա Կինո Մոսկվա եմ հասնելու, իսկ Կոպենհագենում մտածում էի, որ վերջապես Կարապի լճի մոտ էլ են ջրահարս դրել։ Երբ գիշերը պառկում էի քնելու, Երևանի իմ թախտը սկսում էր տակս ճռճռալ, իսկ երբ արթնանում էին, բաց լուսամուտից Երևանի տատրակների ղունղունն էի լսում։

Միայն լիությունից պայթող խանութներում, մի տեսակ, չէր ստացվում ինձ տանը պատկերացնել, ու կարոտը սկսում էր թեթև մզմզալ՝ ատամնացավի նման։ Բայց ես չեմ սիրում երկար խանութում մնալ, ու հենց դուրս էի գալիս, անմիջապես հայտնվում էի Կոմիտաս-Կուտուզով խաչմերուկում, ու չգիտես որտեղից էս կողմերում հայտնված հաստաքամակ նեգրուհին մեքենայի մեջ էր դասավորում խանութից հանած անթիվ-անհամար տոպրակները․․․

Չէ, կարոտն ինձ չէր տանջում, մենք ընկերացել էինք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12343

Մեկնաբանություններ