Ինչ-որ հիմա առաջարկելու եմ շատերի մոտ կառաջացնի մի շարք հարցեր:
Կլինեն առողջ ու անառողջ քննադատություններ, խելամիտ ու անմիտ առաջարկներ, պոզիտիվ ու նեգատիվ արձագանքներ:
Ոմանք այն հավանական ու գործածելի, ավելին՝ խնդրի լուծման բացառիկ տարբերակ կհամարեն, մի մասն այն կգնահատի՝ որպես արկածախնդրություն:
Կլինեն նաև մարդիկ, որոնք չեն ընկալի, կարհամարհեն կամ հանդես կգան «բազմոցային դիվանագիտության» վեհ գաղափարներով:
Ամեն դեպքում պատրաստ եմ լսել և ընդունել ողջամիտ առաջարկներ, հավելումներ, համոզիչ հակասություններ:
Ինչ-որ առաջարկում եմ անել, նախապես ծրագրավորված, կոորդինացված, քայլերի հաջորդականությամբ մանրակրկիտ մշակված ու համակարգված է: Հաշվարկված են բոլոր հավանական և ոչ հավանական ռիսկերն ու սցենարները, յուրաքանչյուր մասնակցի գործողություններն ու գործառույթները:
Այս պահին կազմվում է համակարգող կազմկոմիտեն, տարվում են նախապատրաստական աշխատանքներ:
Բնականաբար, այս հարթակում, ամբողջությամբ չակերտներ չեմ բացելու:
Առաջարկիս նմանատիպ բան՝ իր գաղափարով, բովանդակությամբ, բնույթով, կազմակերպչական գործելաոճով ժամանակին այլ ֆորմատով իրականացվել է Հայաստանում և տվել է գերազանց արդյունք:
Այն ինձ համար նախադեպ է՝ նման առաջարկս վերջինիս հիման վրա (որոշակի փոփոխությունների ենթարկելով) իրականացնելու համար:
Շատերը կհիշեն Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված՝ «Արագածի միասնության համազգային շուրջպարը», որը կազմակերպվել էր 2005 թվականին:
163 կմ երկարությամբ լեռան պարագծով ավելի քան 170 հազար մարդուց կազմվել էր կենդանի շղթա:
Մայրաքաղաքից ու հանրապետության մարզերից մարդկանց խմբերը, արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչները, երիտասարդական կազմակերպությունները, բազում աշխատանքային կոլեկտիվներ, ընտանիքներ՝ և՛ կազմակերպիչների և՛ սեփական նախաձեռնությամբ տեղափոխվեցին համապատասխանաբար այն հատվածները, որտեղ իրենք պետք է պարեին:
Այն, նույնիսկ գրանցվեց Գինեսի գրքում
(միջոցառման տեսահոլովակի հղումը` https://www.youtube.com/watch?v=RuVrB0sLwus
Դիտելը՝ ցանկալի է)
Եթե այն կազմակերպվել էր որպես տոնակատարություն, ապա հիմա նման նախագիծը, որն ուղղված է արցախահայության փրկությանը, կկոչեմ՝ «ԱՐՑԱԽՆ Է ԿԱՆՉՈՒՄ»:
Իսկ մինչ այդ.
արցախահայերին սովից փրկելու, նրանց աջակցելու և առհասարակ, այս ծանր ու օրհասական իրադրությունից դուրս բերելու համար, ըստ իս՝ կա երկու տարբերակ.
1. Ռազմական լուծում, որին հիմա պատրաստ չենք (պատրաստ էլ լինենք՝ ՀՀ խաղաղասեր իշխանությունները միանշանակ դրան չեն գնա, մանավանդ, որ օր առաջ պատրաստ են թշնամուն հանձնել մնացյալ Արցախը: Ավելին՝ արցախցու էքզիստենցիալ վտանգի պարագայում անգամ ոչ մի կերպ չեն միջամտելու, կանխիչ գործողություններ չեն ձեռնարկելու):
2. Համաժողովրդական, քաղաքացիական խաղաղ ակցիայի կազմակերպում և անցկացում: (Հասկանալի պատճառներով, առանց պետական օժանդակության: Չզարմանաք, եթե իշխանություններն ընդհակառակը՝ տարատեսակ քայլերով խոչընդոտեն կամ փորձեն արգելել նախաձեռնությունը):
Առաջին տարբերակը, քանի որ բացառում ենք, ապա առաջարկս երկրորդ տարբերակի համատեքստում է:
Բացառապես քաղաքացիական համազգեստով, առանց
զենք-զինամթերքի, հոծ բազմությունը՝ որպես մեկնարկային ելակետ, քայլերթով Կոռնիձորից շարժվում է դեպի Ստեփանակերտ:
Ընդհանուր տարածությունը 70 կմ է:
Նպատակը՝ սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների, դեղորայքի, պարենի մատակարարումն է արցախահայությանը:
Նրանց շարժը ուղիղ հեռարձակմամբ տեսաձայնագրվում է թե՛ անձնական սմարթֆոններով, և թե՛ պրոֆեսիոնալ լրատվականների կողմից:
Այդկերպ ցանկացած սադրանք, ուժի սպառնալիք կամ կիրառում տեսախցիկներով արձանագրվելու է:
Ստեփանակերտից դեպի Բերձոր ընդառաջ է գալու արցախահայերի ևս հոծ բազմություն, իսկ միջանցքի գրեթե կենտրոնից՝ Հին Շեն, Մեծ Շեն, Տասը Վերստ, Եղծահող և Լիսագոր գյուղերի բնակիչները՝ դեպի ընդառաջ, մասամբ շարժվելու են դեպի Ստեփանակերտ, մասամբ էլ՝ դեպի Բերձոր ուղղություններով:
Բնականաբար, թշնամին տարատեսակ արգելապատնեշներով, ԲՄՊ մեքենաներով փորձելու է փակել ողջ միջանցքը՝ այդկերպ խոչընդոտելով մարդկանց տեղաշարժը:
Քանի որ նման արգելապատնեշները հաղթահարելի են, ապա չի բացառվում, որ ադրբեջանական կողմը դիմի այլ սադրանքի:
Քանի որ քիչ հավանական է, ավելին՝ գրեթե անհնար է խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիակաների վրա ուղիղ կրակ բացելը, ապա թշնամին կարող է իր զինվորներին քաղաքացիական համազգեստ հագցնելով՝ ուղղորդի դեպի հայկական առաջացող շարասյունը:
Այդկերպ չեն բացառվում բախումները, անգամ՝ արյունահեղությունը:
Այստեղ պետք է հասկանալ, որ այս նախաձեռնությունն ինքնին չի կարող հարյուր տոկոսով երաշխավորել յուրաքանչյուր քաղաքացու անձնական անվտանգությունը:
Եվ հետո, պետք է հասկանալ ռուս խաղաղապահների գործառույթը և արձագանքը կոնկրետ այս նախաձեռնությանը:
Եթե դիտարկենք այն, որ նրանց բացառապես մեկ ֆունկցիան է հողի վրա կիրառվում, իսկ դա՝ խաղաղ բնակիչներին ցեղասպանության վտանգից պաշտպանելն ու կյանքի իրավունքն ապահովելն է, ապա իրենց անմիջական ենթակայության տակ գտնվող միջանցքում՝ ցանկացած խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիականի կյանքի անվտանգությունը, լինի նա հայ թե ադրբեջանցի՝ պետք է երաշխավորվի վերջիններիս կողմից:
Նրանք՝ Բերձորի միջանցքի անկաշկանդ անցանելիության և ազատ երթևեկի ապահովման իրենց ստանձնած պարտավորությունների համատեքստում՝ պարտավոր են ապահովելու խաղաղ ակցիայի մասնակիցների անկաշկանդ տեղաշարժը և բացառել թշնամու ցանկացած սադրանք վերջիններիս նկատմամբ:
Այնպես, ինչպես դա գործեց ադրբեջանցի քաղաքացիականների դեպքում:
Եթե Շուշիի մատույցներում, 20-30 հոգանոց «էկոակտիվիստներ» հանքերի չշահագործման պատրվակով ամիսներով մայրուղին էին փակ պահում՝ այդկերպ պարալիզացնելով ողջ միջանցքը, ապա գրեթե նույն գործելաոճով էլ մենք՝ հայ խաղաղ ակտիվիստներս պարեն ենք տանում մեր քույրերին ու եղբայրներին՝ նրանց էթնոցիդից փրկելու համար:
Չէ՞, որ մարդկային կյանքերն ավելի առաջնահերթ են ու կարևոր:
Կարծում եմ` ռուսական կոնտինգենտը, կամա թե ակամա ստիպված է լինելու պաշտպանողական գործառույթներ այնուամենայնիվ իրականացնելու:
Մինիմում լուրջ բախումներ ստիպված է կանխելու կամ թույլ չտալու:
Ի վերջո, նրա պատասխանատվության գոտին է:
Երբ Միջանցքի ողջ հատվածում կանգնած կլինեն մեր քաղաքացիականները, և նույն ադրբեջանական սցենարով՝ միջանցքի ողջ տարածքում կլինեն ժամանակավոր վրաններ, ապա կսկսվի պարենի, դեղորայքի ու սննդի կանոնավոր մատակարարումը Ստեփանակերտին:
Հիմա, ի՞նչ է պետք այս ամենն իրագործելու համար.
կամք, օգնելու և օգտակար լինելու ցանկություն, միասնականություն:
Ավելի քան վստահ եմ՝ նույնիսկ 3-ից 4 հազար քաղաքացիականներով հնարավոր է բացել միջանցքը:
Կրկնում եմ՝ ակցիայի իրականացման համար բոլոր նախադրյալներն ապահովվելու են, բոլոր հնարավոր ու անհնարին, ռիսկային իրավիճակները, էքսցեսները հաշվարկվելու են, կազմակերպչական աշխատանքները հավուր պատշաճի կատարվելու են:
Ակցիայի թիկունքում, որպես ղեկավարող կազմ կանգնած են լինելու բացառապես Արցախով և ոչ միայն՝ Հայաստանի վաղվա օրվա համար մտահոգ, պայքարող, հարգանք և հեղինակություն վայելող, լուրջ որոշումներ կայացնելու, այդ որոշումները ռեալիզացնելու ունակ մարդիկ:
Հիմա տարվում են նախապատրաստական աշխատանքներ Արցախի մեր նվիրյալ ու վստահելի հայրենակիցների հետ:
ՈՒնեմ մտահոգություններ ու վերապահումներ՝ պայմանավորված Արցախի նախագահի վարքագծով ու գործելաոճով:
Նույնը՝ Սամվել Բաբայանի առումով:
Ավելին՝ նրանցից ակնկալիքներ կամ սպասելիքներ չունեմ:
Քաղաքացիական խաղաղ ակցիայի իրականացման մասին տրամադրվելու է տեղեկատվություն Հայաստանում գործող մի շարք միջազգային կառույցներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններին, միջազգային և տեղական լրատվական գործակալություններին:
Սիրելի հայրենակի՛ց,
սա հարցի հիմնական լուծում չէ:
Սա այս օրհասական պահին արագ արձագանքման, ըստ իս, միակ հնարավորությունն է:
Բոլորս գիտենք՝ վաղուց իրենց սպառել են դիվանագիտական հնարքները, բանակցությունները, կոչերն ու հորդորները, միջազգային դատարանի որոշումները, տարբեր
շենք-շինությունների դիմաց անցկացվող բողոքները, նստացույցերը, անգամ զանազան հեքիաթներն ու բաժակաճառերը:
Հացադուլով, նստելով ու նստացույցով հարց չի լուծվի:
Հողի վրա գործելու, իրավիճակը փոխելու, ստեղծված դրության հետ այլևս չհաշտվելու, չհամակերպվելու ժամանակն է:
Հայրենակիցներին փրկելու հրամայականն է:
Եվ հետո, աշխարհին պետք է ցույց տալ, որ հայությունը համախմբված է Արցախի շուրջ։
Միայն այս դեպքում է, որ աշխարհը կարձագանքի մեր արդար պահանջին, գուցե և տեղից շարժվի:
Բայց նախապայմանը՝ մեր տեղից շարժվելն ու առանց «սև ու սպիտակի», «հնի ու նորի» հիմար ու ոչինչ չտվող դիսկուրսից, ամբիցիաներից ու ջրբաժանից հրաժարվելն ու համատեղ գործելն է:
Այնպես որ՝ ի գո՛րծ:
Համախմբվե՛նք, հայե՛ր:
Այնպես, ինչպես 88-ին էր:
Աստված պահապան Արցախիս ու մեր հայրենակիցներին:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ