Ագռավները մի օր
դարձան իշխանավոր
և հանեցին օրենք,
որ թևավորքն ամեն
ագռավերեն խոսեն,
միմիայն ղա ասեն,
կոչվեն` ագռավենք:
Ասում էին պիտի
բառը խոսել տգեղ,
ճիշտ մեզ նման` ղա-ով,
և ո՛չ ինչպես, ասենք`
սուրբ աղավնին շքեղ,
որ խոսում է երկնի
խաղաղության ղու-ով:
- Ա՛յ դու դժբախտ թռչուն
ինչպե՞ս պիտի իշխես
քո կռռոցով տգեղ,-
երբ կա աղավնու ղու-ն,
որպես խաղաղություն,
երբ կա արծիվն ինչպես`
արծիվ իշխանություն,
Այսպես ասաց Տերը Վերից`
ագռավների՛ն,
և արծվին տվեց արքա լինել թռչնոց,
իսկ աղավնի ղու-ին` խոսքը ճշմարտության,
օրհնյալ ու անբասիր` մի երգ երգոց,
Ասաց` սրա՛նք միայն ի զորու են պահել
գանձերն հայրենի տան,
արդարությունը մեր`
ոտձգումից այլոց...
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ