Է՜, ի՞նչ ասեմ։
Արցախը չէինք կորցրել, Հայաստանը վտանգված չէր։
Բայց զգում էի լրբենի ժխորի վատ հետևանքը։
Երբ խելքի գաս, երկի՛ր, ուշ չլինի արդեն...
ա՜խ, գոնե «նուշ լինի», երբ ուշքի գաս, երկի՛ր,
և մնացած լինի Հավատավորն անքեն`
լույս ճառագող Հայը սև ցելերդ հերկի:
Պոռնիկները բազում անէացած լինեն
համաշխարհի գաղջի լաբիրինթում խոնավ,
և սերերից անեղծ վեհ այրերդ ծնվեն`
կռիվ տալու ունակ ու...լծվելու խոնարհ:
Եվ կույսերդ լինեն բանաստեղծման արժան,
որդիներդ կարգվեն... այդ մաքրության գերին,
ու որտեղ էլ լինեն` նրանք միշտ տուն դառնան
և չդյութվեն փառքին, ոչ էլ ` ախտոտ կերին:
ՈՒ սահմանիդ հառնեն լեռնառյուծներ հսկա,
պատվախնդիր տղերք, իմանալով կանգնեն,
որ թշնամուն, երկի՛ր, քո սիրտը մուտք չկա,
ուր օջախները սուրբ... սպասում են իրենց:
27.10.2019 թ., Ալավերդի
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ