ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Պատմության փորձն ու դասերը

Պատմության փորձն ու դասերը
02.03.2025 | 12:15

Ցանկացած քաղաքագիտական հետազոտություն-վերլուծություն հավաստի և գիտական է այնքանով, որքանով այն հենվում է պատմության փորձի և դասերի վրա: Հակառակ պարագայում, այն դառնում է հեղինակի քաղաքական համոզմունքների, զգացմունքների ու սենտիմենտալ տպավորությունների բառակույտ, որից որևէ իրատեսական կանխատեսումն էլ հնարավոր չէ: Թրամփագետ-ամերիկագետ-քաղաքագետ պոռթկումը հայաստանյան մեդիադաշտում և սոցցանցերում ուղղակի ջրհեղեղի ազդեցության է նման: Հիմա մի փոքր ավելի լուրջ, հենվելով պատմության դասերի վրա տեսակետ հայտնեմ ամերիկյան նոր կառավարության նոր դիրքորոշումների մասին, չնայած գիտեմ՝ այն անընդունելի է հատկապես արևմտամետների համար: Վաշինգտոնի նոր ղեկավարները՝ Թրամփ-Վենս-Ռուբիո, կանգնած են մերկ պրագմատիզմի դիրքերում: Նրանք հաշվարկում, համեմատում և քննում են այն, ինչ արել են նախորդները առնվազն վերջին երեսուն-քառասուն տարում: Այստեղ մի պահ ընդհատում եմ միտքս և առաջադրում եմ հետևյալ հարցադրումը. Ինչու՞ փլուզվեց գերտերություն ԽՍՀՄ-ը, որն իր տարածքով, ռեսուրսներով, միջուկային զենքով և աշխարհագրական դիրքով փլուզման ենթակա երկիր չէր: Փլուզվեց, որովհետև քայքայեց իր տնտեսությունն ու արտադրական կարողությունները անիմաստ գաղափարայնացված, ոչ իրատեսական և արկածախնդիր արտաքին քաղաքականությամբ ու անօգուտ ձեռնարկումներով: ԽՍՀՄ-ը, հանուն համաշխարհային հեղափոխության և սոցիալիզմի «հաղթանակի», 70 տարի շարունակ գիգանտ ձեռնարկություններ և էլեկտրակայաններ էր կառուցում Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, արևելաեվրոպական երկրներում, պատերազմներ էր ֆինանսավորում Կորեայում, Վիետնամում, աֆրիկյան երկրներում, Աֆղանստանում, իր վրա էր վերցրել Կուբայի պահպանումը, էժան էներգակիրներ էր մատակարարում իր դաշնակիցներին, ֆինանսավորում կոմունիստական կուսակցությունները: Մի խոսքով, հանուն գաղափարի սնուցում էր ում ասես, որտեղ ասես՝ առանց իրական հաշվարկի ու սեփական քաղաքացիների շահերի: Ներքաշվելով նաև սպառազինությունների մրցավազքի մեջ՝ այդ հսկա և հարուստ երկիրը փլուզվեց, ու նրա փլատակների տակ առաջինը հայտնվեց հայ ժողովուրդը: Հիմա հետ գամ ԱՄՆ: ՆԱՏՕ-ի ծախսերի մոտ 75% -ը ԱՄՆ-ի վրա է, հանուն «դեմոկրատիայի տարածման», «ռեժիմների փոխման», «հարձակողական լիբերալիզմի», «նեոգլոբալիզմի» և մի շարք այլ գաղափարայնացված արտաքին քաղաքական լայնամասշտաբ ձեռնարկումներով, տեղին և անտեղի ձրիակեր «դաշնակիցների» սնուցումով, Իրաքում, Լիբիայում, Աֆղանստանում պատերազմներ ֆինանսավորելով, գունավոր հեղափոխություններով ԱՄՆ-ը տիեզերական մասշտաբներով ռեսուրսներ է վատնում: Համբերության բաժակը լցրեց ուկրաինական պատերազմի մի քանի հարյուր միլիարդանոց վատնումը՝ հանուն ոչնչի: Պատահական չէր այս առումով Բայդենի վարչակարգի քննադատության հողի վրա Թրամփի հաղթանակը, երբ նա հասարակությանը բացատրեց անիմաստ և գաղափարայնացված հանուն դեմոկրատիայի պատերազմների իրական վնասները: Կայսրությունների փլուզման նորագույն փաստերը, համոզված եմ, դաս կլինեն նաև ամերիկյան քաղաքականությունը մշակող ստրատեգների համար: Եվ վերջում՝ պատերազմը դադարեցնելու և սպանդը կանգնեցնելու Թրամփի քաղաքականությունը շատ ավելի հասկանալի է համայն մարդկության համար, քան լիբերալ-արմատական կեղծ ժողովրդավարների կողմից Զելենսկու կեղծ հերոսացումը: Մեռած մարդու համար ի՞նչ ժողովրդավարություն, եթե, իհարկե, հանդերձյալ կյանքում էլ ժողովրդավարություն կա:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3068

Մեկնաբանություններ