Մարդկանց ու բոլոր մակարդակների մարդկանցից կազմված համակարգերի ամենօրյա կյանքը, վերջինիս ընթացիկ պահանջներից ելնելով, որոշումներ կայացնելու ու դրանք ամենատարբեր ձևերի գործողությունների տեսքով իրականացումների հաջորդականություն է։
Ամեն մի գործողություն, լինի այն մարդու կողմից, թե, ասենք, որևէ պետության կողմից արված, ունի իր արդյունքը, որը կարող է տատանվել շատ լայն սահմաններում՝ տալով որոշում կայացնողին առավելագույն սպասվող շահ-օգուտի և հնարավոր առավելագույն վնաս-կորստի արանքում ինչ-որ չափի շահ կամ կորուստ։
Այս պրոցեսում, որը մարդկանց կյանքին ուղեկցում է ամեն վայրկյան և ամենուր, նրանց ստացած շահ-օգուտի կամ էլ վնաս-կորստի չափը անմիջական կախում ունի այդ ընթացքում արված սխալներից, որոնք կարող են ունենալ ամենաբազմազան բնույթ։
Ամեն ինչ սկսվում է նպատակի ընտրությունից, որը կարող լինել.
1․ Սխալ, մասշտաբային, անիմաստ ու անիրագործելի:
2․ Սխալ ու հեշտ իրագործելի:
3․ Ճիշտ, բայց, կազմակերպական, ֆինանսական և գաղափարական ռեսուրսների բացակայության պատճառով, անիրագործելի:
4․ Ճիշտ, մասշտաբային, իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսներ ունեցող, բայց, ավելի հզորների շահին հակառակ լինելու պատճառով, անիրագործելի և այլն. տարբերակները անվերջ են։
Մարդկանց կողմից արվող սխալների մի զգալի մասն էլ կապված է ընտրած նպատակը իրականացնելու ընթացքի հետ, որոնք կարող են՝
1․ Սխալ նպատակը ճիշտ մեթոդներով հասցնել վախճանին և ունենալ մեծ կորուստ:
2․ Ճիշտ նպատակը իրականացման սխալ մեթոդներով ու մոտեցումներով ձախողել ու դարձյալ ունենալ մեծ կորուստ և այլն։
Մարդկանց կողմից արվող սխալներն իրենք կարող են ունենալ ամենատարբեր պատճառներ, որոնք հիմնականում կապված են մեծ ու փոքր որոշումներ կայացնելու ոլորտում գիտելիքների, փորձի ու պրակտիկ հմտությունների բացակայությամբ կամ ավելի պարզ՝ որոշում կայացնողների տգիտության ու էգոիզմի խառնուրդով։
Մարդկանց սխալների մասին գիտությունն ունի տարբեր ուղղություններ, որոնցից պրակտիկ կյանքում ամենից կիրառականը էրգոնոմիկան է, որը գործ ունի մարդու կողմից տարբեր բարդության տեխնիկական միջոցների կառավարման հետ՝ նպատակ ունենալով հեշտացնել դրանց կառավարումը և նվազագույնի հասցնել դրա հետ կապված հնարավոր սխալների թիվն ու հետևանքները։
Դրանք տրանսպորտային բոլոր միջոցների կառավարման պանելներն են և բոլոր այն տեղերը, որտեղ կա կոնտակտ մարդու և որևէ տեխնիկական միջոցի միջև։
Սա մարդկային սխալների կառավարման ամենապարզ ոլորտներից մեկն է։
Սխալների կառավարման մյուս պրակտիկ ոլորտը կրթությունն է իր տարբեր մակարդակի դրսևորումներով, որը ևս ինտենսիվ հետազոտությունների ասպարեզ է ամբողջ աշխարհում՝ իր տեսություններով, մոդելներով և այլն։
Ինչքան բարդանում է մարդկանց գործունեությունը, այնքան դժվար է դառնում դրանում նրանց սխալների կառավարումը, և այնքան ավելի են մեծանում արված սխալների հետ կապված կորուստները։
Նման ոլորտ է տեխնիկական բնույթի մեծ նախագծերի կառավարումը, որոնք կապված են մեծ ֆինանսավորումների, ռիսկերի ու շահույթների հետ, և որոնք ուղեկցվում են սխալների մեծ հոսքերով ու նաև ձախողումներով, որոնց մոդելավորումը գիտության նոր ու արագ զարգացող ոլորտ է, և որում ես ինքս աշխատել եմ ԱՄՆ-ում 1999-2010 թվերին։
Գիտությունն ինքը և, հատկապես, նրա առաջատար ուղղությունները այն ոլորտներն են, որոնցում առաջընթացը ուղեկցվում է մեծ քանակությամբ սխալներով ու ձախողումներով, բայց նաև՝ հազվադեպ, բայց մեծ արժեք ունեցող հաջողություններով։
Իր ուրույն բարդությունն ու որակական առանձնահատուկ պատկերն ունեն պետական կառավարման ու միջազգային հարաբերությունների ոլորտները, որոնք ևս սխալների, ձախողումների, հաջողություններ, հաղթանակների ու պարտությունների դաշտ են և որոնք հնուց ի վեր եղել են մարդկային մտքի ուշադրության կենտրոնում։
Բնականաբար, պետական կառավարման ու միջազգային հարաբերությունների ոլորտներն իրենց արտակարգ կարևորությամբ ներկայում ևս ուսումնասիրվում են ժամանակակից գիտական մեթոդներով՝ զուգակցելով իրենց մեջ դասական որակական մոտեցումներն ու նոր մշակվող քանակական կամ մաթեմատիկական մեթոդներն ու մոդելները։
Սխալները մարդկանց կյանքի անբաժան մասն են, բայց կարող են լինել նաև հատուկ դեպքեր, երբ սխալ անողները դա կարող են անել գիտակցաբար, հետապնդելով որևէ էգոիստական նպատակ, կամ էլ անգիտակցաբար, բայց անճարակ լինելով ու առաջնորդվելով սնամեջ փառքի ձգտումներով և, հաճախ էլ, այն պատճառով, որ բախտի անկանխատեսելի անիվը պատասխանատու որոշումներ կայացնելու իրավունքը տալիս է որևէ ապիկարի ձեռքը։
Պավել Բարսեղյան