Հասարակության ինտելեկտուալ մակարդակը և նրա ունակ ու կարող մարդկանց մտքերի մասշտաբն ու խորությունը ուղիղ գծով կախված են պետականության գործունեության մասշտաբից ու դրա լրջության չափից։
Անլուրջ պետությունները, անլուրջ ու մանր մարդկանց նման, կարող են լինել մանրախնդիր, չնչին, մարդատյաց ու կենսաբանականին մոտ նպատակներ հետապնդող և, համենայն դեպս, ամեն մի տեղից բարձրացող ու լուրջ պոտենցիալ ունեցող մեկի գլխին խփող։
Պետականության անլրջության առաջին ու կարևոր նշանը եղած հնարավորությունները կորցնելն է, ճիշտ այնպես, ինչպես մենք անճարակ ձևով ու թեթևամտորեն կորցրինք խորհրդային կարգերից եկող շատ լուրջ ժառանգությունը, ինչպես նաև չկարողացանք տեր կանգնել անկախության ընձեռած հնարավորություններին։
Այս իմաստով, մեր իսկ անփորձության և տկարամտության պատճառով կորցրինք վճռական նշանակություն ունեցող երկու հնարավորություն՝
1․ Էֆեկտիվ աշխատանքի կազմակերպումը երկրում
2․ Սփյուռքի ահռելի պոտենցիալի չօգտագործումը։
Վերջինս էլ, իր հերթին, ուներ երկու հիմնական պատճառ՝
1․ Մեր թույլ իշխանությունների վախը Սփյուռքի հզորությունից, որի հետևանքը եղավ բոլոր միջոցներով նրան Հայստանից վանելու անհեռատես քաղաքականությունը
2․ Հայստանյանի և Սփյուռքի մենթալիտետային տարբերությունները բիզնեսի ու քաղաքականության ոլորտներում։
Իսկ այս ամենի ավելի խորքային պատճառն էլ դարերով թրծված մեր անճարակ էգոիզմն էր և կործանարար փոխադարձ անհանդուրժողականությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ու մակարդակներում։
Սովորաբար էգոիզմն ու անհանդուրժողականությունը դրսևորվում են այնտեղ, որտեղ կա շահերի լուրջ բախում, բայց մեր մենթալիտետային, շատ կողմերով անիմաստ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք ծայրահեղ անհանդուրժող ենք, երբ նույնիսկ մեջտեղում բաժանելու բան չկա։
Օրինակ, կարո՞ղ է որևէ մեկը բացատրել մեր ավանդական կուսակցությունների մինչև օրս շարունակվող ծայրահեղ անհանդուրժողականությունը մեկը մյուսի նկատմամբ։
Կամ էլ բացատրել Սփյուռքում ապրող հայության տարբեր հատվածների մանկական անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ։
Պավել Բարսեղյան