Մեզ հետ կատարվող իրադարձությունները հասկանալու ու դրանում մեր ուժ չունենալու հանգամանքի, որպես ամեն ինչի պատճառի, իմաստը խորապես ըմբռնելու համար շատ ուսանելի է տեսնել նախկին լուրջ աշխարհաքաղաքական ուժ Եվրոպայի ներկա աննախանձելի վիճակը։
Մեր աչքերի առաջ 500-600 միլիոն բնակչություն ունեցող Եվրոպան հզոր աշխարհաքաղաքական ու տնտեսական խաղացողից աստճանաբար հասավ այսօրվա վիճակին, քանի որ լուրջ բիզնես մրցակից էր, բայց իր տնտեսությունը ինքնուրույն պաշտպանելու կարողություն չուներ։
Դա դաս է բոլորի համար, որ անպաշպան և նաև լուրջ ուժերի մրցակից շատ մեծ, բայց անուժ հարստությունը երկար կյանք ունենալ չի կարող։
Սա այն ծայրահեղ դեպքն է, երբ Հանթինգտոնի իմաստով քաղաքակրթական ու մենթալիտետային մոտիկությունը, որպես շահերի համընկնման հիմք, իրեն չի արդարացնում, քանի որ մերկապարանոց բիզնես շահ-օգուտը շատ ավելի հզոր դուրս եկավ։
Բանը հասել է նրան, որ իր անհեռատես քաղաքականության պատճառով մնալով երկու բացարձակ ուժերի, այն է՝ ԱՄՆ-ի և Ռոսաստանի արանքում, Եվրոպան իր ճգնաժամային վիճակից դուրս գալու ակնհայտ քայլերն անգամ չի կարողանում կատարել։
Եվ այն էլ հիմնականում այն պատճառով, որ ժամանակին ԵՄ-ի երկրների ղեկավարների պոստերում հայտնվել են երկրորդական պլանի թույլ մարդիկ, մի բան, որը նշանակում է, որ այդ մակարդակի հարցերը կառավարվում են ավելի բարձր մակարդակի կապիտալի և ուժի կողմից։
Եվ եթե Եվրոպան ու նրա կազմի մեջ մտնող հզոր երկրները կարող են դառնալ ամենասովորական մանիպուլյացիաների օբյեկտներ, ապա ի՞նչ կարելի է ասել աշխարհով մեկ սփռված ուժազուրկ ու աղքատ երկրների մասին, որոնց մի մասը նաև բնական հարստություններ ունեն և ինչ-որ չափի գրավիչ են։
Իսկ նրանք էլ, որոնք այդ բնական հարստությունն էլ չունեն, ուժեղանալու համար պետք է հնարավորինս հենվեն իրենց կազմակերպական ու մտավոր ուժերի վրա և կենտրոնանան իրական ընդդիմադիր քաղաքական ուժի ձևավորման ուղղությամբ։
Պավել Բարսեղյան