«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Զոհրաբ Մնացականյան. Մենք ունենք անկոտրում կամք՝ պաշտպանելու մեր հողը

Զոհրաբ Մնացականյան. Մենք ունենք անկոտրում կամք՝ պաշտպանելու մեր հողը
01.10.2020 | 13:22

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Սքայ Նյուզ Արաբիա»-ին:
-Առաջին հերթին կցանկանայի հարցնել՝ որո՞նք են այն նախապայմանները, որոնց
հիման վրա Հայաստանը կգնա բանակցությունների:


– Հայաստանը չունի որևէ նախապայման: Հայաստանը հաստատապես հանձնառու է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Ադրբեջանական կողմը սպառնում էր ուժի կիրառմամբ, և այժմ նրանք ուժ են կիրառում` ձգտելով հակամարտության ռազմական լուծմանը և Արցախից ու Հայաստանից ակնկալելով միակողմանի զիջումներ, ինչը բացառված է: Մենք հաստատակամորեն հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը: Միաժամանակ մենք ունենք անկոտրում կամք և վստահություն մեր կարողությունների վրա՝ պաշտպանելու մեր հողը, պաշտպանելու մեր ժողովրդին, պաշտպանելու Արցախի և Հայաստանի անվտանգությունը: Արցախի հայ բնակչությունը շատ վճռական է իրեն պաշտպանելու հարցում: Եվ Հայաստանը եղել է և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխավորը: Մենք պաշտպանելու ենք: Խաղաղությունն այլընտրանք չունի: Ադրբեջանը պետք է դադարեցնի իր ռազմական ագրեսիան` ուղղված Արցախի բնակչության դեմ, պետք է գա ողջամտության դաշտ և ներգրավվի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններում:
-Ինչպե՞ս եք գնահատում այս հակամարտությունում Թուրքիայի միջամտությանը և
նմանօրինակ համակարտությունների կարգավորման համար որոշ մարդկանց
ներգրավելը:
– Թուրքիան այս ամբողջ իրավիճակում ապակայունացնող ուժ է: Նրանք իրենց ողջ ագրեսիվ քաղաքականությամբ լարվածություն են հրահրում Հարավային Կովկասում: Նրանք միակողմանիորեն աջակցում են Ադրբեջանին` տեղափոխելով սպառազինություն, տեղափոխելով ահաբեկիչներ, որոնք հավաքագրվել են Սիրիայի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից և Լիբիայից: Մենք ունենք բացարձակ հավաստի տեղեկություններ և փաստեր վերջինիս վերաբերյալ: Նրանք տեղափոխվել են Ադրբեջան: Նրանք այսօր կռվում են մեր ժողովրդի դեմ: Նրանց սարքավորումները և ավիացիան օդում են, նրանք` ռազմի դաշտում: Նրանք օգտագործվում են մեր մարդկանց դեմ: Թուրքիան այս հակամարտության ապակայունացնող կողմն է: Նրանք այս նույն քաղաքականությունն են վարել Արևելյան Միջերկրականում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում: Այժմ Թուրքիան նույն քաղաքականությունն արտահանում է Հարավային Կովկաս: Այդ քաղաքականությունը կտրականապես մերժված է. նրանք այստեղ անելիք չունեն:
-Այս միջամտության վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո ի՞նչ
միջոցառումներ եք ձեռնարկել, օրինակ՝ միջազգային հարթակում, հատկապես ՄԱԿ-ում:
– Մենք աշխատում ենք խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Մենք սերտորեն աշխատում ենք մեր գործընկերների հետ` իրավիճակը հանդարտեցնելու, լարվածությունը թուլացնելու և բանակցություններին վերադառնալու ուղղությամբ: Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն շատ ակտիվ աշխատում են, և ես կարծում եմ, որ ականատես ենք լինում միջազգային հանրության շատ լավ համախմբման՝ ի թիվս այլոց՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի Դաշնության, որը մերժում է Թուրքիայի՝ ապակայունացնող դերը տարածաշրջանում: Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը մեր բոլոր գործընկերների հետ` լարվածությունը թուլացնելու և արտատարածաշրջանային դերակատարներին դուրս մղելու ու նրանց ձեռնարկած ապակայունացնող գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:
-Հայաստանը հրաժարվեց Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ խաղաղ
բանակցություններից: Այս պահին, ո՞րն է Ձեզ համար ամենամոտ կամ ամենալավ
միջնորդությունը բանակցությունների համար:
-Կարծում եմ, որ դուք լավ տեղեկացված չեք այս ամենից, որովհետև Հայաստանը երբեք չի մերժել բանակցային գործընթացը: Ես պետք է կրկնեմ, որ բանակցությունները ընթանում են միջազգայնորեն հաստատված ձևաչափի շրջանակներում, որը բաղկացած է երեք երկրներից` Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից: Եվ մենք աշխատում ենք միջազգայնորեն համաձայնեցված այս ձևաչափի շրջանակներում: Մենք հանձնառու ենք դրան և կշարունակենք դա: Ոչ ոք չի կարող ասել, որ Հայաստանը մերժում է բանակցությունները: Ճիշտ հակառակը: Մենք այժմ ականատես ենք լինում Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշմանը և ուժի կիրառմանը, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Պաշտպանվելու մեր վճռականությամբ մենք մերժում ենք լուծման ռազմական տարբերակը: Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:

Դիտվել է՝ 4039

Մեկնաբանություններ